Այսօր՝ հոկտեմբերի 22-ին Գյումրի քաղաքում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկում Շիրակի մարզի ՔՀԿ-ների մասնակցությամբ:
Ողջունելով մասնակիցներին` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի տնտեսական հարցերով խորհրդատու Ալեսանդրո Զանտոն կարևորեց նմանաբնույթ հանրային քննարկումների իրականացումը` տեղեկացնելով, որ շահագրգռված է այս հարցով:
Միջոցառման ընթացքում «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ասաց, որ այս փաստաթուղթը պետք է անցնի հանրային քննարկումների փուլով. «Եթե այս քննարկումների արդյունքում` հանձինս քաղաքացիական հասարակության, հնարավորություն եղավ ներազդել և փոփոխել այն, ապա կարելի է ասել, որ քաղաքացիական հասարակությունն իրենից Հայաստանում ինչ-որ բան է ներկայացնում, հակառակ դեպքում մենք պետք է երկու եզրահանգում անենք, նախ որ դեռևս չունենք լուրջ լծակներ` ազդելու կառավարության նախագծի վրա, և երկրորդ` հանրային քննարկումները կարող են իմիտացիոն բնույթ կրել, լուրջ առաջարկություններից կառավարությունը որևէ մեկը չընդունի, միայն ցուցադրի, որ փաստաթուղթը քաղհասարակության քննարկումների փուլով է անցել»,- շեշտեց պարոն Զադոյանը:
Հակակոռուպցիոն ռազմավարության աշխատանքային խմբի քարտուղար Մարիամ Գալստյանը նշեց, որ ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի շրջանակներում ընտրվել են 4 թիրախային ոլորտներ` առողջապահության, կրթության, պետական եկամուտների հավաքագրման և ոստիկանության ծառայությունների մատուցման ոլորտները. «Այդ առումով, կոնկրետ այս չորս ոլորտներում պետք է իրականացվեն աշխատանքները, եթե այստեղ լուրջ արդյունքներ ունենանք կանցնենք առաջ` ընդգրկելով նաև դրանք»,- ասաց կառավարության ներկայացուցիչը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ազգային փորձագետ Մարատ Ատովմյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային փորձը: Այս փորձի հիման վրա նա առանցքային համարեց Հայաստանում ձևավորել կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի բյուրո. «Որը գոնե պետք է ունենա վերլուծական, մոնիթորինգի և ուսուցողական գործառույթներ: Մինչև հասարակության մեջ չձևավորենք հակակոռուպցիոն մտածելակերպ, ոչինչ չի փոխվի»,- ասաց բանախոսը:Նա հավելեց, որ այս մարմինը պետք է ստեղծի և գործի օրենքով, ոչ թե կառավարությամբ որոշմամբ. «Որովհետև շատ ավելի հեշտ է փոխել կառավարության որոշումը, քան թե օրենքը: Կարող է փոխվի կառավարությունը և փոխեն նաև այդ որոշումը»,- պարզաբանեց պարոն Ատովմյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ազգային փորձագետը նաև մանրամասնեց նշյալ համակարգի կառուցվածքային առաջարկը. «Մենք առաջարկում ենք, որ այդ մարմնի ղեկավարը օմբուդսմենի նշանակման պրոցեդուրայով նշանակվի, իսկ տեղակալները նշանակվեն այդ գործակալության ղեկավարի կամ ՀՀ նախագահի կողմից»: Բացի այդ, պարոն Ատովմյանը տեղեկացրեց, որ նշյալ մարմնում պետք է ընդգրկվեն ոչ թե 2, այլ 5 հասարակական կազմակերպություններ:
Այսօրվա քննարկմանը մասնակիցները նաև դիտեցին ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության և քաղաքացու միջև ծագած վեճի մասին ֆիլմ, որն լուծվել է հօգուտ քաղաքացու: Մասնակիցները կարևորեցին սոցիալական ոլորտի ընգրկումը ծրագրում, առաջարկ եղավ ռազմավարությունում նախատեսել քաղհասարակության կազմակերպությունների մասնակցությունը, որպես ռազմավարության մոնիթորինգ իրականացնող կառույցներ` Կառավարության կողմից համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելով մոնիթորինգների իրականացման համար: