Մի տարի Ռուզան Ադանալյանը Երևանի հակակոռուպցիոն կենտրոնից իրավական աջակցություն է ստանում, ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական գործի վերաբերյալ:
Սույն թվականի մայիսի 27-ին նորից դիմել է Երևանի հակակոռուպցիոն կենտրոն` հայտնելով, որ սույն թվականի ապրիլի 16-ին հաղորդում է ներկայացրել ոստիկանության կենտրոնական բաժին` պահանջելով քրեական գործ հարուցել սուտ մատնության համար: Մասնավորապես նա նշել է, որ իր քաղաքացիական գործով պատասխանող Լ. Գինոսյանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հակընդդեմ հայցադիմում իրեն մեղադրել է 5 դրվագներով հանցագործության կատարման մեջ:
Վարույթն իրականացնող մարմինը և դատախազությունն անգործություն են ցուցաբերել` մերժելով սուտ մատնության հիմքով քրեական գործի հարուցումը: Սակայն քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի աջակցությամբ բողոքարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և ընդունվել է վարույթ:
Ռուզան Ադանալյանը Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանին իր շնորհակալությունն է հայտնել «իր հանդեպ ցուցաբերված իրավական գերազանց գիտելիքների, մարդասիրական և գործնական աջակցության համար»: