Կոռուպցիայի դեմ պայքարում հույսը միայն իշխանությունների վրա դնելն ճիշտ չէ: Դրա դեմ պայքարում հասարակությունը պետք է նախաձեռնող ու անհանդուրժող լինի, սակայն հաճախ հենց քաղաքացիներն են գործն արագ լուծելու համար փորձում կաշառել այս կամ այն պաշտոնյային:
«Շատերը հեշտ ճանապարհը գերադասում են դժվար` օրինական ճանապարհից, և այդ հեշտ ճանապարհը շատ դեպքերում լինում է կոռուպցիոն ռիսկերով լի ճանապարհ»,- ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավարԿարեն Զադոյանը:
Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում Գավառում եռօրյա հակակոռուպցիոն ուսուցում է կազմակերպվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար:
«Այո, կոռուպցիան այսօր հզոր թափով մտել է ամբողջ Հայաստան»,- նշեց «Բարեկամություն» ազգային փոքրամասնությունների կանանց խորհուրդ ՀԿ-ի նախագահ Սիրանուշ Մանուկյանը:
Կոռուպցիայի դեմ պայքարն իսկապես պետք է համատեղ ուժերով իրականացել: Ուսուցման մասնակիցների կարծիքներն այս հարցում նույնաբովանդակ են:
Եռօրյա ուսուցման օրակարգում լավ/բարեխիղճ կառավարման սկզբունքներն են, կոռուպցիա հասկացությունը,զարգացման պատմությունը, առաջացման պատճառները և այլն: Մասնակիցները ծանոթացան հակակոռուպցիոն հանրային մոնիթորինգի հասկացությանը, մեթոդաբանությանը, միջազգային փորձին: Քննարկեցին Կառավարության ծրագիրը և Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը, հակակոռուպցիոն կոալիցիաներ ստեղծելու միջազգային փորձն ու մեխանիզմները, կատարեցինք գործնական աշխատանքներ: Տեղեկատվություն ստանալու մեխանիզմներն ու աղբյուրները, ինչպես նաև լրագրողական հետաքննության իրականացման կարգն ու առանձնահատկությունները ևս ուսուցման օրակարգում էին:
«Հարց է պետությունն է պայքարում կոռուպցիայի դեմ, թե մենք ենք ուզում պայքարել կոռուպցիայի դեմ: Պայքարը թույլ է» ,- հայտնեց «Գավառի բիզնես կենտրոն» ՀԿ-ի նախագահ Անահիտ Շահզադյանը:
«Ես շատ եմ կարևորում այս հարցում քաղաքական կամքը, բայց նաև կարևոր է, որ ժողովուրդը լինի պահանջատեր: Երբ որ այսօր կա հանդուրժողականություն հասարակության մեջ, դա նաև անիրազեկության հետևանք է»,- ասաց «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը:
«Ավելի շատ քաղաքացիների պայքարն է հենց կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու գործոններից մեկը և, իհարկե, հետևողականությունը»,-նշեց «Բարի Հույս» սոցիալական հաշմանդամ երեխաների առողջությանն աջակցող ՀԿ-ի ներկայացուցիչ Մարիամ Սարգսյանը:
Ուսուցումը հաջողությամբ ավարտած ՔՀԿ-ը և Զլմ-ները հնարավորություն կունենան մասնակցել հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով տրամադրվող փոքր դրամաշնորհների մրցույթին: