Հաստատված սակագների և քաղաքացիների մուծած գումարի չափի անհամապատասխանություն, նոտարական ծառայությունների մեջ մտնող մեքենագրական ծառայությունների դիմաց մեքենագրուհիների կողմից քաղաքացիներից լրացուցիչ գումարների գանձում, ինչպես նաև մեքենագրուհիների կողմից տեխնիկական այլ աշխատանքների կատարման դիմաց քաղաքացիներից գանձվող և նոտարական վճարի մեջ չմտնող գումարների վերաբերյալ հավաստող ֆինանսական փաստաթղթերի չտրամադրում: Սրանք են երկու այն խախտումները, որոնք համակարգային բնույթ են կրում նոտարական համակարգում: Դրա մասին են փաստում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից 2013 թվականին Հայաստանի նոտարական գրասենյակներում իրականացված հասարակական մոնիթորինգի արդյունքները:
Այն իրականացվել է «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ:
«Երբ որ մենք 2009 թվականին առաջին մոնիթորինգն էինք իրականացնում, շատ վատ վերաբերմունք կար Արդարադատության նախարարության, նոտարների կողմից: Թվում էր, թե ինչ-որ վերահսկողական մարմին ենք, բայց դա հետագայում դրական համագործակցության վերածվեց»,- ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
2009 և 2011 թվականներին անցկացված մոնիթորինգների համեմատ 2013 թվականի զեկույցը նոտարական ծառայությունների մատուցման համակարգում բարեփոխումներ է արձանագրել: Հիմա նոտարական գրասենյակներն ավելի բարվոք վիճակում են, գնացուցակների տեղեկատվական պաստառները փոխվել են, նաև ավելացել են նոր պաստառներ: Սակայն դեռևս չի հաջողվել ազատվել վճարումների ընթացքում առաջ եկող կոռուպցիոն ռիսկերից:
«Ես շատ ողջունում եմ, որ ծրագիրն իրականացվել է այնպիսի ողջամիտ և օբյեկտիվ ցուցիչների վրա, որով հնարավոր է բացահայտել նոտարական համակարգի զարգացումը: Արդարադատության նախարարությունը կոչ է անում բոլորին, որպեսզի բոլոր ուժերը միացնել օժանդակցելու նոտարիատի ինքնակառավարման զարգացմանը և հանրային իրազեկմանը»,- նշեց Արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը:
Հարցմանը մասնակցած 453 քաղաքացիներից ընդամենը 1%-ն է դժգոհել նոտարի մատուցած ծառայությունների որակից: Սա բացառիկ ցուցանիշ է, սակայն չի նշանակում, որ խնդիրներ չկան:
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, որ իրականացրել է այս ծրագիրը, մեծ փորձ և լավ հնարավորություններ ունի հանրային ոլորտում մոնիթորինգ իրականացնելու հարցում: Մենք հուսով ենք, որ այն առաջարկությունները, որոնք մշակվել են այս ծրագրի շրջանակներում, հաշվի կառնվեն Արդարադատության նախարարության կողմից և համապատասխան ընթացակարգային և համակարգային փոփոխություններ տեղի կունենան»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոնը:
Նոտարական ոլորտում դեռևս համակարգային ու ընթացակարգային խնդիրներ կան լուծելու: Զեկույցն ամփոփել է մոնիթորինգի արդյունքներն ու 11 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ ներկայացրել շահագրգիռ կողմերին:
«Եթե որևէ անհարմարվողականություն եղել է, ինձ թվում է արդեն հարթված է և նոտարական համակարգը միշտ բաց է նման օբյեկտիվ, ճիշտ վերահսկողության, մոնիթորինգի համար այնքանով, որքանով, որ թույլ է տալիս նոտարական համակարգի բաց լինելը»,- նշեց ՀՀ նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը:
Զեկույցի ներկայացման ավարտին համագործակցության հուշագիր ստորագրվեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Հայաստանի նոտարական պալատի միջև:Իրավաբան.net