Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում նոր թափ է ստանում

«Հայաստանը ընդդեմ կոռուպցիայի»: Այս անվանմամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագիրն ավարտվել է, սակայն դրա դեմ պայքարը շարունակվում է: Նոր ծրագիր է մեկնարկել. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ բազմակողմանի խթանելու են կոռուպցիայի դեմ պայքարը` ներգրավվելով հանրապետությունում գործող ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին: Մարզերում ծրագիրը ներկայացնելուց հետո հերթը մայրաքաղաքինն է: Ծրագրի պաշտոնական բացման արարողությունն է: Հայաստանը հակակոռուպցիոն նոր ռազմավարություն է մշակում: Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը խոստանում է` պատրաստ լինելուն պես այն կքննարկվի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ. դրա արդյունքում կունենան ավելի գործուն փաստաթուղթ:

«Նպատակ է դրված, որ փաստաթուղթը չպետք է լինի շատ մեծ, ծավալուն, այսպես ասած`100 էջանոց, որպեսզի հետո չիմանանք` իրականացվեց, չիրականացվեց, որ մասն իրականացվեց: Նպատակն է կոնկրետ հակակոռուպցիոն գործողություններ նախատեսել փաստաթղթով»,-ասաց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը:

Աշխարհի շատ երկրներ միացել են ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիային, Հայաստանը` որոշ վերապահումներով. ապօրինի հարստացումը վերահսկելու ու կանխելու մեխանիզմներ չունենք, դեռևս քրեականացված չէ ապօրինի հարստացումը: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան կոռուպցիան աշխարհի մեծ մարտահրավերներից մեկն է համարում: Հայաստանը բացառություն չէ:

«Եվրոմիությունն ամրապնդել է իր աջակցությունը քաղհասարակությանը Հայաստանի Հանրապետությունում, և մենք ճանաչում ենք քաղհասարակության կարևոր դերը ինչպես Կառավարության երկխոսության գործընթացում ընդգրկվելու, այնպես էլ Կառավարությունից հաշվետվություն պահանջելու իր գործողությունների համար»,- նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան:

Կոռուպցիայի դեմ պայքարը միայն իշխանությունների խնդիրը չէ: Քաղաքացիական հասարակությունը պետք է պահանջատեր լինի` հարցը դարձնելով օրակարգային: Պայքարը պետք է լինի միահամուռ:

«Եթե քաղաքացիական հասարակությունը չբարձրաձայնի, պահանջատեր չդառնա և օրակարգային չդարձնի այդ խնդիրն իշխանությունների համար, մենք դժվար թե կարողանանք մեծ քայլերով առաջ գնալ և հաղթահարել այս երևույթը»,- նշեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Առաջիկա երեք տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել հակակոռուպցիոն ուսուցումներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների համար, ապա ուսուցումն անցածներին տրամադրել փոքր դրամաշնորհներ մոնիթորինգի, լրագրողական հետաքննական ծրագրերի իրականացման համար, ստեղծել հակակոռուպցիոն կոալիցիա, մոտեցնել Կառավարության և ՔՀԿ-ների տեսակետները` անկախ միասնական հակակոռուպցիոն մարմնի ստեղծման և ապօրինի հարստացման քրեականացման հարցերի վերաբերյալ:

Կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ է ստանում:

ayla.am