ՀԵԻԱ-ի հայտարարությունն Արամ Մուղալյանի և ընկերների գործով

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը փաստարկված և հիմնավոր չի համարում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանում կրթություն ստացած Արամ Մուղալյանին, Ռոբերտ Փիլոյանին և Գագիկ Առաքելյանին 5 ամիս շարունակ կալանքի տակ պահելու որոշման իրավաչափությունը և քննադատում է նախաքննական մարմինների և դատական պրակտիկայում արմատացած՝ համատարած  առանց բավարար հիմքերի և հիմնավորման կալանավորումներ կիրառելու պրակտիկան, ինչպես մեր կարծիքով տեղի է ունեցել դատարանում քննվող թիվ ԱՐԴ/0114/01/13 գործի շրջանակներում:

Հարկ ենք համարում առանձին-առանձին անդրադառնալ սույն գործում առկա խնդրահարույց բոլոր հարցերին, որոնք հիմնավոր կասկածներ են հարուցում նախաքննության օրինականության և գործի պատշաճ, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վերաբերյալ.

1)      առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության մասով

Մեղադրանք է առաջադրվել խուլիգանության (258-րդ հոդված) և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու փորձի համար (34-185 հոդված):

Առաջադրված խուլիգանության մեղադրանքը անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն՝ խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգի կոպիտ կերպով խախտումն է, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Այսինքն` արարքը խուլիգանություն որակելու համար անհրաժեշտ են պարտադիր վավերապայմաններ, որոնց միաժամանակյա առկայության դեպքում միայն արարքը կարող է որակվել որպես խուլիգանություն: Այդ վավերապայմաններից մեկը հանդիսանում է արարքի կատարման վայրը, այն է հասարակական վայրը, ինչն առկա չէ եղել սույն գործում: Հասարակական վայր ասելով պետք է հասկանալ տրանսպորտային միջոցների կայանատեղիները, օդանավակայանները, շուկաները, պուրակները, այգիները,  կինոթատրոնները, ցուցասրահները, մարզադաշտերը, փողոցները,  հիմնարկ-ձեռնարկությունները, ուսումնական հաստատությունները, հասարակական տրանսպորտը,  հասարակական սննդի սպասարկման վայրերը, հասարակական նշանակության այլ վայրերը:

Այսինքն` Արամ Մուղալյանի և նրա ընկերների գործի շրջանակներում առնվազն բացակայել է հիշյալ հատկանիշը, քանի որ օբյեկտիվ կողմից արարքը պետք է դրսևորվի կամ հասարակական նշանակության վայրերում կամ հասարակական նշանակություն չունեցող այլ վայրերում, որտեղ պետք է առկա լինի  հանրություն, իսկ հասարակական կարգի  կոպիտ խախտումը պետք է արտահայտվի այդ վայրերում գտնվող հասարակության անդամների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Արամ Մուղալյանի և վերջինիս ընկերներին վերագրվող ենթադրյալ արարքի փաստական հանգամանքների պարագայում արարքը ո’չ կատարվել է հասարակական վայրում, ո’չ այնտեղ առկա է եղել հանրություն, և ո’չ էլ դրսևորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք, հետևաբար արարքը չէր կարող և չպիտի որակվեր որպես խուլիգանություն: Իսկ արարքը խուլիգանության որակյալ (ծանրացնող) հանցակազմով որակելու համար պարտադիր պայման է խուլիգանության հիմնական հանցակազմի առկայությունը:

Հարկ է նշել նաև, որ խուլիգանություն չի հանդիսանում հասարակական կարգի ոչ կոպիտ խախտումը, նույնիսկ եթե այն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Արարքը խուլիգանություն որակելու համար պարտադիր վավերապայման է արարքի սուբյեկտիվ կողմի պարզումը, այսինքն` արարքը կատարած անձի դիտավորության պարզումը, որի պարագայում արարքը խուլիգանություն որակելու համար առնվազն պետք է հիմնավորվի արարքը կատարողի ուղղակի դիտավորությունը հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հարցում: Ընդ որում` արարքը, ժեստը, բառը, մարմնաշարժումը և այլն չի կարող գնահատվել որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, եթե ուղղված է կոնկրետ անձին և չի հետապնդում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ, թեկուզ հանցավորը հասկանում է, իսկ որոշ դեպքերում պարտավոր է հասկանալ, որ կոնկրետ անձին ուղղված իր արարքը տեսանելի և ընկալելի է հասարակության համար: Այսինքն` ակնհայտ է, որ Արամ Մուղալյանի և նրա ընկերներին վերագրվող գործողություններում առկա չի եղել նաև այս հատկանիշը, հետևաբար կրկին հիմնավորվում է առաջադրված խուլիգանության մեղադրանքի անհիմն լինելը:

2)      անդրադառնալով կալանավորման օրինականությանը՝ հարկ է նշել դրա անհիմն լինելու հետևյալ հիմնավորումները.

Կալանավորումը հանդիսանում է դատավարական խափանման միջոցներից մեկը, ուստի, դրա կիրառման համար պետք է առկա լինեն բոլոր այն վավերապայմաննները, որոնք պետք է առկա լինեն ցանկացած դատավարական հարկադրանքի միջոց կիրառելիս: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված է, որ դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

Այսինքն` դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդության և դատարանի որոշման մեջ պետք է ոչ թե պարզապես  վկայակոչել վերը նշված 5 հատկանիշներից մեկը կամ մի քանիսը, այլ նաև հիմնավորել, թե քրեական գործով ձեռք բերված ո°ր փաստերն են վկայում տվյալ հանգամանքի առկայությունը, ինչպես դա սահմանված է օրենքում, այլապես  տվյալ ենթադրությունները կլինեն ընդամենը անհիմն ենթադրություններ և չեն կարող դրվել խափանման միջոց կիրառելու հիմքում:

Նախաքննության ժամանակ Արամ Մուղալյանի և նրա ընկերների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում  կիրառելու միջնորդություն հարուցելու որոշման մեջ քննիչը որպես հիմնավորում պարզապես նշել է՝ «բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ նա ազատության մեջ մնալով կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից մինչդատական վարույթում կամ դատարանում խոչընդոտել գործի քննությանը, կատարել նոր հանցանք,  և հաշվի առնելով, որ Արամ Մուղալյանին մեղսագրվող արարքի բնույթը էական նշանակություն ունի նրա կողմից դրսևորվող վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում…» :

Կալանավորումը` որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշումը, իրենից ներկայացնում է քննիչի որոշման գրեթե բառացի արտատպումը և որպես որոշման հիմնավորում ներկայացվում է քննիչի որոշման հիմնավորումը՝ առանց որևէ բառով նշելու, թե ո՞ր փաստերն են հիմքեր տալիս ենթադրելու, որ Ա. Մուղալյանը ազատության մեջ մնալով կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից մինչդատական վարույթում կամ դատարանում խոչընդոտել գործի քննությանը, առավել ևս՝ կատարել նոր հանցանք, և այլն:

Սակայն դատարանի այդ եզրակացությունը չի հիմնվում քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար և ծանրակշիռ փաստերի վրա, ինչպիսի պարագայում դատարանի համապատասխան ենթադրություններն անհիմն են և չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջներից, մասնավորապես` չեն հիմնվում քրեական գործով ձեռք բերված այնպիսի նյութերի վրա, որոնք բավարար հիմք կտան համոզվելու քննիչի և դատարանի կատարած ենթադրության ճշմարտացիության մեջ: Բացի այդ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվում է հետևյալը` Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում` վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, կասկածյալի կամ մեղադրյալի անձը, տարիքը և առողջական վիճակը, սեռը, զբաղմունքի տեսակը, ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը, գույքային դրությունը, բնակության մշտական վայրի առկայությունը, այլ էական հանգամանքներ:

Դատարանը կալանավորումը` որպես խափանման միջոց ընտրելիս, և առավել ևս այն գրավով կամ անձնական երաշխավորությամբ փոխարինելու հարցը քննելիս որևէ կերպ հաշվի չի առել վերը նշված լրացուցիչ պահանջները, որոնք ամեն գործով պետք է յուրովի գնահատվեն: Իսկ վերը նշված բոլոր չափանիշներով Արամ Մուղալյանը և նրա ընկերները բնութագրվում են դրականորեն: Նշվածը հիմք է տալիս ենթադրելու, որ ինչպես քննիչը, այնպես էլ դատարանը ակնհայտ կանխակալ վերաբերմունք և սուբյեկտիվ մոտեցում են դրսևորել հիշյալ գործի շրջանաներում և պատշաճ չեն դիտարկել և գնահատել կալանավորման անհրաժեշտությունը, այնուհետև դատարանի կողմից պատշաճ գնահատման չի արժանացել ո՛չ կալանավորումը գրավով փոխարինելու հարցը, ո’չ էլ անձնական երաշխավորությամբ կալանավորումից ազատ արձակելու հնարավորությունը:

Հիմք ընդունելով գործում առկա հանգամանքները, ինչպես նաև հաշվի առնելով Ա. Մուղալյանին և նրա ընկերներին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, համոզված ենք, որ երիտասարդներին մինչև դատաքննության ավարտն անազատության մեջ պահելով՝ չի վերականգնվի սոցիալական արդարությունը:

Հաշվի առնելով վերը նշված փաստարկները և նույն գործով ամբաստանյալ Արթուր Քլյանի նկատմամբ կալանավորումը գրավով փոխարինելու համար հիմք հանդիսացած հանգամանքները (կալանավորման որոշումից հետո երիտասարդի մոտ հոգեկան խնդիրներ են առաջացել)՝ կոչ ենք անում Դատախազությանը վերանայել գործով անցնող մյուս ամբաստանյալներ Արամ Մուղալյանի, Ռոբերտ Փիլոյանի և Գագիկ Առաքելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները և դրանք փոխարինել անազատության հետ չկապված խափանման միջոցներով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»

ayla.am