Այսօր՝ փետրվարի 14-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի թիմը հաղթեց Ֆիլիպ Ջեսափի անվան դատախաղ-մրցույթի ազգային մրցափուլի ժամանակ:
«Տպավորություններն այնքան շատ են, որ նույնիսկ չենք կարողանում խոսքեր գտնել: Առաջին անգամ մենք կարողացանք Հայաստանի Ամերիկյան համալսարանի անունը բարձր պահել: Մենք գիշերներ չեն քնել, անգամ Ամանոր չենք նշել ու նախապատրաստվել ենք մրցափուլին»,- ասացին հաղթող թիմի անդամները:
Եզրափակիչ փուլի ժամանակ որպես դատավոր հանդես եկած իրավաբան Տիգրան Նահապետյանը հիշեցրեց, որ արդեն երկրորդ տարին է՝ անգլերենով է անցնում ազգային մրցափուլը. «Որը անշուշտ դրական տեղաշարժ է: Եթե դատեմ այն բանից, որ ժամանակին ես ինքս մասնակցել եմ մրցափուլին, ապա այսօրվա մասնակիցներն շատ ավելի պատրաստված էին, քան ես այն ժամանակ: Երևի թե դա օրինաչափ է, հակառակը դեպքում վատ տենդենց կլինի»,- նշեց նա:
«Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային կառավարիչ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանի խոսքերով՝ բոլոր մասնակիցները բավականին բարձր պատրաստվածություն ունեին. «Եթե մեկ անգամ մասնակցում ես այս մրցափուլին, դու դառնում ես Ջեսափի ոգու կրողը: Այսինքն՝ մրցույթի հետ մշնական կապը մասնակիցները պահում են»,- ասաց նա:
Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի ամենամյա մրցույթ-դատախաղին Հայաստանը մասնակցում է 2000 թվականից: Հայաստանում մրցույթն անցկացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախաձեռնությամբ՝ Հայաստանի Ջեսափի ակումբի հետ համագործակցությամբ: Ազգային մրցափուլում հաղթող ճանաչված թիմը հնարավորություն կունենա մասնակցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրիլին կայանալիք «2016թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի միջազգային մրցափուլին:
Ի՞նչ մարտահրավերներ կան: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ Կարեն Զադոյանի խոսքերով՝ այս տարվանից պլանավորվում է միջազգային հանրային իրավունքը զարգացնելու աշխատանքներ իրականացնել հանրապետության կրթական ոլորտի պատասխանատուների և բուհերի ղեկավարների հետ. «Դրա համար մեծ ներուժ պետք է ներդնեն հենց մրցույթի մասնակիցները: Մենք պետք է կարողանանք այդ ներուժը տեղափոխել իրավունքի դպրոցներ, մասնավորապես՝ մարզերում տեղակայված»,- նշեց նա՝ հավելելով, որ կազմակերպիչները պլանավորում են լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնել բոլոր մարզերում. «Խրախուսելու ենք բոլոր այն ուսանողներին, ովքեր իրենց բուհերում կնախաձեռնեն մրցույթի բջիջներ ստեղծելու այդ կարևոր գործը»,- նշեց Կարեն Զադոյանը:
Այսօր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գրասենյակում տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը, ջեսափականները վերհիշեցին իրենց 16-ամյա անցած ուղին, իսկ վերջում՝ կրկին սկսվեց մրցափուլ, սակայն այս անգամ դատավորների դերում թիմի անդամներն էին, իրար դեմ էին խաղում մարզիչները:
Նշենք նաև, որ այսօր Կարեն Զադոյանը շնորհակալագրով պարգևատրեց նաև Սյուզաննա Սողոմոնյանին՝ «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի ազգային փուլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Հավելենք՝ մրցույթին աջակցել է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, դատական դեպարտամենտը, ինչպես նաև Արդարադատության ակադեմիան: Եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի նիստերի դահլիճում: