Այսօր Երևանում կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում «ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի մասին կոնվենցիաների իմպլեմենտացիան Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:
Քննարկումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում:
Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի գլխավոր դատախազության կոռուպցիոն և կամակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, այլ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ-ից, ՀՀ կառավարությունից, ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ ոստիկանությունից, միջազգային, արտասահմանյան և տեղական կազմակերպություններից, ՀՀ իրավապաշտպան կազմակերպություններից, փորձագետներ, իրավաբաններ:
ՀԵԻԱ նախագահ, «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն իր զեկույցում կարևորեց ապօրինի հարստացման քրեականացման դերն ու նշանակությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև հաղորդում տվող անձանց պաշտպանությունն ու խրախուսումը:
Քննարկման վերջում իրավաբանական հոգեբանության փորձագետ Զարուհի Հարությունյանն իր զեկույցում հայտնեց, որ Սանկտ Պետերբուրգի հոգեբանները պաշտոնատար անձանց խորհուրդ են տալիս իրենց գրասենյակներում ունենալ մեծ հայելիներ: Հոգեբանները համոզված են` այն կարող է ունենալ կանխարգելիչ նշանակություն կոռուպցիայի դեմ պայքարում:
Միջոցառման կազմակերպիչներն էին ՀԵԻԱ-ն, ՀԵԻԱ Մարդու իրավունքների, իրավական օգնության, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողովը, Երևանի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնը: