2006 թ.-ի Ջեսափի մրցույթն ավարտվեց

2006թ-ի փետրվարի 4-ից 5-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցում անցկացվեց “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի բանավոր մրցափուլը: Մրցույթն արդեն 6-րդ անգամ էր կազմակերպվում Հայաստանի երտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից:

Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 13 բուհերից բանավոր փուլին մասնակցեցին 7 բուհերի թիմեր: Ջեսափի մրցույթի թեման այս տարի վերաբերում էր բազմազգ կորպորացիաների կողմից թույլ տրված մարդու իրավունքների խախտմանն ու բնական ռեսուրսների նկատմամբ սուվերենության հաստատմանը: Այս տարի ևս խնդիրը բավականին հետաքրքիր և արդիական էր. իրավաբան ուսանողները փորձում էին ապացուցել 2 պետությունների իրավահաջորդության խնդիրը և վիճում էին էթնիկ ժողովրդի ինքնորոշման ու շահերի պաշտպանության շուրջ:

Մրցույթի եզրափակիչ դուրս եկան Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի և ՄՅՈՒԴ իրավաբանական ինստիտուտի թիմերը: Եզրափակիչ փուլի արդյունքում լավագույն հայցադիմում ճանաչվեց Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի թիմի հայցադիմումը, իսկ “Լավագույն բանախոս” մրցանակը ստացավ նույն թիմի ներկայացուցիչ Արա Խզմալյանը:

“2006 թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հաղթող ճանաչվեց Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի թիմը: Վերջինս այս տարի գարնանը կմեկնի Վաշինգթոն` մասնակցելու մրցույթի միջազգային մրցափուլին:

Այս տարի մրցույթի համակազմակերպիչներն էին Հայաստանի իրավաբանական հիմնադրամն ու “ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” իրավաբանական ընկերությունը: Ազգային մրցափուլի հովանավորն էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Մրցույթի բանավոր մրցափուլը լուսաբանեցին Արմենիա, ԱՐ, Երևան և Երկիր Մեդիա հեռուստաընկերությունները, Իմ իրավունքը թերթը և Ազատություն ռադիոկայանը: