Կայացավ Հայաստանի Ջեսափի ակումբի առաջին ժողովը

2006թ. ապրիլի 7-ին Երևան հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից հիմնադրված Հայաստանի Ջեսափի ակումբի առաջին ժողովը: Ժողովին մասնակցում էին “Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլի կազմակերպիչները, դատավորներ, մրցույթի մասնակիցներ և հայաստանյան մրցափուլի հաղթող թիմի անդամները, որոնք մի քանի օր առաջ էին վերադարձել Վաշինգթոնում կայացած միջազգային մրցափուլից:
Համաձայն օրակարգի` ակումբի ժողովին բացման խոսքով հանդես եկավ Ջեսափի մրցույթի ազգային կառավարիչ Լուսինե Աբգարյանը` ներկայացնելով ակումբի ստեղծման նպատակները և գործունեության առարկան: Ժողովի մասնակիցների կողմից քննարկվեց և ընդունվեց Հայաստանի Ջեսափի ակումբի Կանոնակարգը, որի նախնական տարբերակը մշակվել էր` հաշվի առնելով մասնակիցներից նախապես ստացված առաջարկները:
Հայաստանի Ջեսափի ակումբի առաջին ժողովի նպատակներից էր ակումբի խորհրդի ձևավորումը, որը, ըստ ակումբի կանոնակարգի, խորհրդակցական մարմին է լինելու: Խորհրդի անդամների թեկնածության վերաբերյալ առաջարկները լսելուց և քննարկելուց հետո ժողովի մասնակիցների կողմից ընտրվեցին ակումբի խորհրդի հինգ անդամները` մրցույթի դատավորներ Նելլի Հարությունյանն ու Արա Զոհրաբյանը, տարբեր տարիներին հաղթող թիմերից Եղիշե Կիրակոսյանն ու Սարգիս Կնյազյանը և այս տարվա հաղթող թիմի մարզիչ Հրաչյա Մարանգուլյանը:
Այնուհետև ակումբի համակարգող Արփինե Եղիկյանը ներկաների ուշադրությանը ներկայացրեց Հայաստանի Ջեսափի ակումբի 2006թ.-ի գործունեության հիմնադրույթները: Ժողովի մասնակիցները իրենց դիրքորոշումները հայտնեցին ակումբի գործունեության ուղղությունների ու եղանակների վերաբերյալ, և նրանց առաջարկություններն ընդգրկվեցին 2006թ.-ի ակումբի գործունեության նախագծում: Մասնակիցների կողմից հատկապես կարևորվեց Հայաստանում Ջեսափի մրցույթի կարևորության և մասսայականացման խնդիրը:
Հայաստանի Ջեսափի ակումբի ժողովի վերջում “2006 Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի” հայաստանյան մրցափուլի հաղթող թիմի ավագ Արա Խզմալյանը ներկայացրեց մրցույթի միջազգային մրցափուլում իրենց մասնակցության մանրամասներն ու արդյունքները: Ծավալված քննարկման ընթացքում մասնակիցները նշեցին, որ Հայաստանի նման երկրում, որտեղ միջազգային իրավունքի ճյուղը դեռևս նոր է կայանում, առայժմ կարևոր է մասնակցությունը, սակայն, անշուշտ, պետք չէ բավարարվել դրանով, և ակումբի աջակցությամբ այսուհետ հայաստանյան թիմերը պետք է հավակնեն առավել լավ արդյունքների:
Հայաստանի Ջեսափի ակումբի ժողովին ներկա գտնվողները հրավիրվեցին կազմակերպված ընդունելությանը, որը ավելի նպաստեց ակումբի մասնակիցների միջև բարեկամական կապերի հաստատմանը, իսկ վերջինս էլ, անկասկած, մեծ խթան կլինի Ջեսափի ակումբի բուռն ու արդյունավետ գործունեության համար: