2006թ.-ի ապրիլի 11-ին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության ռեսուրս-կենտրոնում ՀՀ ՏԿՆ միգրացիոն գործակալությունը ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպել էր կլոր սեղան: Կլոր սեղանին մասնակցեց նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա հասարակական կազմակերպության անդամ Միհրան Աղաբաբյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ Փախստականների մասին գործող օրենքի բացթողումները և Փախստականների մասին ՀՀ նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքները` Հայաստանի հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից հնչեցվեցին մի շարք կարևոր առաջարկներ, այդ թվում` օրենքում ընդլայնել առանցքային հասկացությունների ցանկը, ամրապնդել անձը հաստատող փաստաթղթի մասին դրույթներ, արծարծել միջազգային և տեղական ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության հարցերը, կարգավորել և նախատեսել փախստականների խմբակային ճանաչման հնարավորությունը զանգվածային ներհոսքերի դեպքում, օրենքը մշակելիս հաշվի առնել ազգային անվտանգության և պաշտպանության հարցերը զանգվածային ներհոսքերի դեպքում և այլն: Կազմակերպիչները գոհունակություն հայտնեցին քննարկման արդյունավետության և մասնակիցների ունեցած ներդրման վերաբերյալ` նոր օրենքի նախագծի մշակման գործում: