2006թ. ապրիլի 15-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում տեղի ունեցավ փաստաբանների որակավորման քննությունների անցկացման կանոնների և դիմումի ձևի պաշտոնական հրապարակումը: Միջոցառմանը ներկա էին փաստաբաններ, դատավորներ, դատախազության աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև փաստաբանների որակավորման քննություներին մասնակցելու հավակնորդ երիտասարդ իրավաբաններ: Միջոցառմանը ներկա էր նաև ՀԵԻԱ-ի անդամ, փաստաբան Լիանա Հարությունյանը: Իրենց ելույթներով մասնակիցներին ողջունեցին ՀՀ Փաստաբանների պալատի նախագահը, որակավորման հաձնաժողովի նախագահը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ Գլխավոր դատախազությանմ և ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի տնօրենը և ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչը:
Որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը ներկաներին մանրամասն ներկայացրեց փաստաբանների որակավորման քննությունների անցկացման կարգն ու դիմումի ներկայացման պայմանները, ինչպես նաև պաշտոնապես հայտարարեց ՀՀ Փաստաբանների պալատի կողմից դիմումների ընդունման վերջնաժամկետը` մինչև 2006թ. մայիսի 15-ը: Հանդիպման վերջում քննության հավակնորդներին բաժանվեցին փաստաբանական որակավորման քննությունների անցկացման կանոնների փաստաթղթային փաթեթները: