Կայացավ Հայաստանի Ջեսափի ակումբի խորհրդի առաջին նիստը

Հայաստանի Ջեսափի ակումբն արդեն սկսել է իր նպատակային ակտիվ գործունեությունը: 2006թ. մայիսի 5-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայում տեղի ունեցավ Հայաստանի Ջեսափի ակումբի խորհրդի անդրանիկ նիստը: Նիստին մասնակցում էին Ջեսափի ակումբի խորհրդի անդամներ, ակումբի համակարգողը և ակումբի այլ մասնակիցներ:
Ակումբի խորհրդի օրակարգում էին ղարաբաղյան հիմնահարցի շուրջ կազմակերպվելիք միջոցառումների նախաձեռնումը և անցկացումը, ինչպես նաև խորհրդի անդամների կողմից առաջադրված` “Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի” կազմակերպմա նն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես` մրցույթի նկատմամբ հետաքրքրվածության բարձրացումը, ուսանողների և համալսարանների առաջարկությունների և բողոքների ընդունման և քննարկման ապահովումը, ուսանողների համար անգլիալեզու նյութերի մատչելիությանը վերաբերող և այլ հարցեր:

Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող միջոցառումների կազմակերպման վերաբերյալ հնչեցին մի շարք առաջարկություններ: Խորհուրդը հավանության արժանացրեց այն գաղափարը, որ միջոցառումներից մեկը անցկացվի ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպում-քննարկման ձևով: Այս թեմային վերաբերող մյուս միջոցառմանը նախատեսվում է ներգրավել իրավաբան-ուսանողներին, որի նպատակն է ուսանողներին խնդրո իրավաբանական էությանը խորությամբ ծանոթացնելը` վերջիններիս կողմից ինքնուրույն հետազոտությունների իրականացումը խթանելու միջոցով, և նրանց մոտ զարգացնել բանակցային գործընթացներին մասնակցելու ունակություններն ու հմտությունները: Այս նախագծում ուսանողները հանդես կգան որպես վիճող երկու պետությունների ներկայացուցիչներ` հիմնավորելով իրենց դիքորոշումները, իսկ հմուտ միջազգայնագետներից կազմված խումբը հանդես կգա միջնորդ հանձնախմբի դերում:

Ջեսափի մրցույթի մասսայականացման ու ուսանողների շրջանում մրցույթի նշանակության գիտակցումը բարձրացնելու նպատակով` խորհրդի անդամներն առաջարկեցին Ջեսափի վեբ կայքում ստեղծել օն-լայն ռեժիմում հարց ու պատասխանի հնարավորություն: Այս ծառայությունը թույլ կտա, որ համալսարանները, ուսանողներն ու մրցույթով հետաքրքրվողները կազմակերպիչներին ներկայացնեն մրցույթի վերաբերյալ իրենց հարցերը, առաջարկներն ու բողոքները, որոնք, անշուշտ, հաշվի կառնվեն մրցույթի կազմակերպիչների կողմից:

Ակումբի խորհուրդը, հաշվի առնելով, որ միջազգային իրավունքի վերաբերյալ գրականությունն ու իրավական ակտերը հիմնականում անգլերեն լեզվով են, իսկ լավագույն գրավոր աշխատանքներ կարող են ներկայացվել միայն այդ աղբյուրներն ուսումնասիրելուց հետո, որոշեց մշակել անգլերեն լեզվի իմացության որոշակի չափանիշներ, որոնց պետք է համապատասխանի մրցույթին մասնակցող թիմի անդամներից առնվազն մեկը: Այս չափանիշը խթան կհանդիսանա նաև համալսարանների համար, որպեսզի նրանք սկսեն պատրաստել անգլերեն լեզվի խոր իմացությամբ իրավաբաններ: Այս առաջարկը ինքնանպատակ չէ: Ինչպես վկայում են մրցույթի միջազգային մրցափուլին մասնակցած ուսանողները, որոնցից ոմանք այսօր ակումբի խորհրդի անդամ են, լավագույն արդյունքների հասնելու գրավական է նաև անգլերեն լեզվի տիրապետման բարձր մակարդակը: