2006թ.-ի մայիսի 31-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Ս. Հովսեփյանի նախագահությամբ տեղի ունեցավ Անդրանիկ Ղուկասյանի հայցն ընդդեմ “ԱրմենՏել” ՓԲԸ-ի` ազատման հրամանը անօրինական ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդը բռնագանձելու պահանջների մասին քաղաքացիական գործի վերջնական քննությունը: Դատարանը վճռեց Անդրանիկ Ղուկասյանի հայցն ընդդեմ “ԱրմենՏել” ՓԲԸ-ի` ազատման հրամանը անօրինական ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդը բռնագանձելու պահանջները բավարարել: Ա.Ղուկասյանի շահերը դատարանում ներկայացնում էր ՀԵԻԱ-ի անդամ, փաստաբան Լիանա Հարությունյանը:
Անհրաժեշտ է նշել, որ Ա. Ղուկասյանին աշխատանքից ազատելը կատարվել էր ՀՀ Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտումներով: Նախ` հայցվորի աշխատանքից ազատման հրամանի հիմքում դրվել էր աշխատողների թվաքանակի կրճատումը (ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ), միաժամանակ չպահպանելով նույն հոդվածի 3-րդ մասը, ըստ որի` գործատուն կարող է վերը նշված հիմքով աշխատողին ազատել աշխատանքից, եթե նրա որակավորմանը, մասնագիտական պատրաստվածությանը համապատասխան առաջարկել է աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է: Մինչդեռ ծանուցման տրման օրը բիլինգ համակարգերի շահագործման վարչության շարժական կապի ծառայությունների բիլինգի բաժնի պետի հաստիքը, որի գործառույթները նախկինում` ի պաշտոնե և փաստացի` մինչև աշխատանքից ազատվելը կատարել է Ա. Ղուկասյանը, եղել է թափուր և չի առաջարկվել հայցվորին: Ավելին, “ԱրմենՏել” ՓԲԸ-ի կողմից չէր պահպանվել նաև Կոլեկտիվ պայմանագրի 4.5. կետը, համաձայն որի` աշխատողների թվաքանակի նախատեսվող կրճատումների դեպքում Գործատուն պարտավորվում է մինչև կրճատվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագրի լուծումը հարցը նախապես քննարկել Արհկոմի հետ, որը տեղի չէր ունեցել` դրանով իսկ խախտելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածի 6-րդ կետը: Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի` եթե պարզվում է, որ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները կարող են վերականգնվել: