“Երիտասարդություն. իրականություն, հեռանկարներ” երիտասարդական համաժողով

2006 թվականի հունիսի 13-ից 15-ը Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում կայացավ ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի կողմից կազմակերպված “Երիտասարդություն. իրականություն, հեռանկարներ” երիտասարդական համաժողովը: Համաժողովի նպատակն էր բարձրացնել երիտասարդական հասարակական դաշտի մասին տեղեկացվածությունը, խթանել երիտասարդական կառույցների և պետության, միջազգային կազմակերպությունների փոխադարձ համագործակցությունն ու կապերը, վեր հանել երիտասարդության առջև ծառացող խնդիրներն ու քննարկել դրանց լուծման հնարավոր ուղիները: Համաժողովի ողջ ընթացքում երիտասարդական հասարակական կառույցները մասնակցում էին “Մտքերի տոնավաճառ” խորագրով ցուցահանդեսին` իրենց հատկացված տաղավարներում ներկայացնելով իրենց կազմակերպությունները: ՀԵԻԱ-ն ևս մասնակցություն ունեցավ համաժողովին` տաղավարում ներկայացնելով իր ներկայիս գործունեությունն ու հրատարակված բազմաթիվ նյութերը: Ցուցահանդեսին զուգահեռ տեղի ունեցան քննարկումներ աշխատանքային խմբերում` ե րիտասարդությանն առնչվող երեք հիմնական թեմաների շուրջ`

  • Պետական երիտասարդական քաղաքականություն-երիտասարդության ազգային զեկույց, ռազմավարություն, ֆինանսավորման հնարավորություններ, հայրենիք-սփյուռք համագործակցություն, մարզային երիտասարդության խնդիրներ, մարզային երիտասարդական կենտրոններ:
  • Միջազգային համագործակցություն-Եվրախորհրդի “Բոլորը` տարբեր, բոլորը` հավասար” քարոզարշավ, Հայաստանում աշխատող միջազգային կառույցները, եվրոպական ինստիտուտները, դրանց հետ համագործակցության դաշտը, Եվրամիության “Նոր հարևանություն” ծրագիրը, Հայաստանը և եվրաինտեգրումը, գլոբալացման շուրջ երիտասարդության տեսակետները:
  • Հասարակական կազմակերպությունների կառավարում-կամավորների ներգրավում, կազմակերպչական հմտություններ, ֆինանսավորման հնարավորություններ° Եվրախորհրդի երիտասարդական հիմնադրամ, Եվրամիության “Երիտասարդություն” ծրագիր:

 Համաժողովի երկրորդ օրը կայացավ Երիտասարդության ազգային զեկույցի ներկայացումը: Զեկույցի իրավական ոլորտը ներկայացվեց ՀԵԻԱ-ի նախ ագահ, փաստաբան Կարեն Զադոյանի կողմից: Զեկույցին ներկա էին նաև փորձագետներ Եվրախորհրդից, որոնք, ի րենց հերթին, ներկայացրեցին Հայաստանի երիտասարդության վերաբերյալ Եվրախորհրդի զեկույցը: Ի դեպ, Առավոտ օրաթերթին տված հարցազրույցում Կարեն Զադոյանը անդրադարձել էր մերօրյա երիտասարդության ցածր իրավագիտակցությանը և նշել, որ ազգային զեկույցը միջազգային փորձագետների կողմից հավանության է արժանացել, իսկ միակ տարաձայնությունը եղել է ցեղասպանության մասին դրույթի շուրջ (մանրամասները` վեբ կայքի Մամուլը մեր մասին էջում):

Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցան աշխատանքային քնարկումներ երկու խմբերում, որոնց ընթացքում քննարկվեցին զեկույցի հետ կապված մի շարք հարցեր և հնչեցին առաջարկություններ, որոնք հետագայում հաշվի են առնվելու: Համաժողովի վերջին աշխատանքային օրը ևս ընթացավ ցուցահանդեսի և աշխատանքային քննարկումների ձևաչափում, իսկ վերջում ամփոփվեցին համաժողովի արդյունքներն ու կայացավ հանդիսավոր փակման արարողություն:

“Մտքերի տոնավաճառ” ցուցահանդեսում մասնագիտական բովանդակալից տեղեկատվությամբ ներկայանալու համար ՀԵԻԱ-ն արժանացավ պատվոգրի` Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից: