2006թ.-ի սեպտեմբերի 22-ից 24-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստան-Սփյուռք Տնտեսական համաժողովի շրջանակներում կայացավ “PANARMENIAN EXPO 2006” երկրորդ համահայկական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը և ՀՀ ԱԱՊ “Էքսպոցենտր” ընկերությունը:
Ցուցահանդեսը նպատակ ուներ ներկայացնել ՀՀ անկախության 15 տարիների ընթացքում ՀՀ արդյունաբերական զարգացումը և տնտեսական առաջընթացը: Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպությունները ներկայացված էին 7 թեմատիկ բաժիններում` իննովացիոն և տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն, թեթև և ծանր արդյունաբերություն, զբոսաշրջություն, սննդամթերք, բժշկություն և ուսուցում, ծառայություններ:
Ցուցահանդեսին ներկայացված մոտ 160 կազմակերպությունների շարքում էր նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան: ՀԵԻԱ-ի տաղավարում ներկայացված էր կազմակերպության գործունեությունը լուսաբանող նյութեր, որոնք հնարավորություն էին ընձեռում այցելուներին մանրամասն տեղեկատվություն ստանալ կազմակերպության գործունեության, իրադարձությունների, մատուցվող ծառայությունների և այլնի վերաբերյալ: Տաղավարում ներկայացված 50 անուն տեղեկատվական թերթիկները, որոնք վերաբերում էին ՀՀ-ում մարդու իրավունքներին և դրանց պաշտպանության մեխանիզմներին, անվճար տրամադրվեցին տաղավարի այցելուներին: ՀԵԻԱ-ն կարևորում է ՀԵԻԱ-ի գործունեության, ներկայացվող նյութերի ու տեղեկատվական թերթիկների վերաբերյալ այցելուների կողմից ցուցաբերված բավականին մեծ հետաքրքրվածությունը, քանի որ այն հանդիսանում է կազմակերպության հզորացման ու արդյունավետության բարձրացման երաշխիքներից մեկը:
Ցուցահանդեսին զուգահեռ անց էր կացվում նաև ցուցահանդեսատոնավաճառային գործունեությանը վերաբերող սեմինար, որը նպաստեց փորձի փոխանակման ու ոլորտի զարգացման վերաբերյալ գիտելիքների հարստացմանը:
“PANARMENIAN EXPO 2006” երկրորդ համահայկական ցուցահանդեսը լավ հնարավորություն էր հայաստանյան և սփյուռքի կազմակերպությունների, արտադրանքի և մատուցվող ծառայությունների ցուցադրման, նոր գործընկերներ գտնելու ու գործնական կապեր հաստատելու համար: