ՀՀ հասարակական կազմակերպությունների ֆինանսական կայունության ծրագիր

2006թ.-ի նոյեմբերի 10-ին “Կոնգրես” հյուրանոցի “Պիկասո” սրահում տեղի ունեցավ ՀՀ հասարակական կազմակերպությունների ֆինանսական կայունության ծրագրին նվիրված կլոր սեղան, որը կազմակերպել էր “Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության” հասարակական կազմակերպությունը: Կլոր սեղանի սկզբում “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց ՀԵԻԱ-ի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: Օրենքի այս նախագծով նախատեսվում է ՀԿ-ներին ընձեռել անմիջական ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Համաշխարհային պրակտիկայում ՀԿ-ների ֆինանսական կայունության առաջնային աղբյուրը նրանց կողմից անմիջականորեն վճարովի ծառայություների մատուցումն է: Եվրոպական մի շարք երկրներում սոցիալական ոլորտի ծառայությունների մոտ 80 տոկոսը իրականացվում է հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կողմից:
Այնուհետև ՀԵԻԱ-ի վարչության անդամ Ա.Միրզոյանը ներկաների ուշադրությանը ներկայացրեց “Եկամտահարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում է 1 տոկոսի գաղափարը: Այսպես է ընդունված անվանել այն հարկային-իրավական մեխանիզմը, որի միջոցով հարկատուն` ֆիզիկական անձը, իրավունք է ստանում իր կողմից պետությանը վճարվելիք եկամտահարկի 1 տոկոսը հատկացնել որևէ ոչ առևտրային կազմակերպության` ըստ իր հայեցողության:

Վերը նշված օրենքների նախագծերը արդեն ներկայացվել են ՀՀ Ազգային ժողով: