“2005թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” միջազգային մրցույթն ունի շուրջ 46 տարվա պատմություն: Այն անց է կացվում իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների միջև:
ՀՀ-ում դատախաղ-մրցույթը կազմակերպվում է 5-րդ անգամ: Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի իրավաբանական հիմնադրամը` “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:
Ազգային մրցույթը բաղկացած է 2 փուլից` գրավոր և բանավոր:
2005թ.-ի մրցույթի հիմնահարցը վերաբերում է “Մաիրի Մարու” նավի առնչությամբ տարաձայնություններին:
“2005թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” միջազգային մրցույթի ազգային փուլին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել Երևանի և ՀՀ մարզերի ԲՈՒՀ-երի 14 թիմեր, սակայն մրցույթի ժամանակցույցով սահմանված գրավոր աշխատանքների վերջնաժամկետին` հունվարի 7-ին աշխատանքներ էին ներկայացրել 8 թիմեր: 2005թ.-ի հունվարի 10-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակամիջոցում կատարվեց գրավոր աշխատանքների ստուգումը դատավորների կողմից:
Մրցույթի բանավոր փուլը տեղի կունենա 2005 թվականի փետրվարի 5-6-ին` “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում:
Այն բաղկացած է 4 նախնական մրցափուլերից, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերից:
Մրցույթում հաղթող թիմը կմեկնի Վաշինգտոն` մասնակցելու 2005թ.-ի մարտի 27-ից ապրիլի 2-ը կայանալիք միջազգային մրցափուլին, որտեղ ներկայացնելու է Հայաստանի Հանրապետությունը: