Հունիսի 19-ին կայացավ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված “Երիտասարդություն. իրականություն, հեռանկարներ” խորագրով հանրապետական երիտասարդական համաժողովի հանդիսավոր փակման արարողությունը:
Արարողության սկզբում ընթերցվեց համաժողովի արդյունքում ընդունված բանաձևը, որը ընդգրկում և նախանշում է այն առաջնահերթ նպատակներն ու ուղիները, որոնց հետամուտ են լինելու երիտասարդները` հզորացնելու համար Հայաստանի Հանրապետությունը և կառուցելու համար հզոր ու ամուր պետություն:
Մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լիլիթ Ասատրյանը իր ելույթում նշեց, որ մտահաղացումը կարելի է հաջողված համարել: Իհարկե առաջին քայլը կատարված է, սակայն առջևում դեռ ավելի դժվար աշխատանք է սպասվում: Այնուհետև տիկին Ասատրյանը համաժողովի մասնակիցներին հանձնեց պատվոգրեր և մրցանակներ: Խրախուսական մրցանակի արժանացավ նաև ՀԵԻԱ անդամ, Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Լիանա Հարությունյանը, որը զեկուցել էր “Երիտասարդությունը և իրավագիտակցությունը” թեմայով: Մրցանակներ էին պատրաստվել նաև տաղավարների համար, և լավագույն տաղավար ճանաչվեց Գյուղի կին ՀԿ-ի տաղավարը:
Համաժողովը առաջինն էր իր տեսակի մեջ, և կազմակերպիչները հույս հայտնեցին, որ այն կդառնա ավանդական և կծառայի իր առջև դրված նպատակներին: