2005 թ.-ի հուլիսի 5-ին Թեքեյան կենտրոնում, ՀՀ Սահմանադրության ընդունման տասնամյակի կապակցությամբ, տեղի ունեցավ Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիայի ու Գիտակրթական և ստեղծագործական զարգացման հանրապետական կենտրոնի կողմից կազմակերպված “Ներկայացուցչական դեմոկրատիայի զարգացման հեռանկարները և ընտրական գործընթացները Հայաստանում” խորագրով գիտաժողովը, որի նպատակն էր բացահայտել այս ոլորտում առկա հիմնախնդիրները և մշակել դրանց լուծման գիտականորեն հիմնավորված նոր մոտեցումներ:
Գիտաժողովը կազմված էր երկու մասերից: Առաջին մասում ներկայացուցչական դեմոկրատիայի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան քաղաքագիտության ճանաչված մասնագետներ, իսկ երկրորդ մասում, արդեն մրցութային կարգով, իրենց զեկույցները ներկայացրեցին ԲՈՒՀ-երի քաղաքագիտության բաժնի մի խումբ ուսանողներ: Ուսանողական սեկցիայի բանավոր զեկույցների գնահատման արդյունում գիտաժողովի հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի մագիստրոս Գայանե Վարդանյանը: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Իրավաբան ուսանողների բաժանմունքի ներկայացուցիչները, բարձր գնահատելով Գայանե Վարդանյանի զեկույցը, գիտաժողովի հաղթողին հանձնեցին հատուկ մրցանակ:
Նախատեսվում է, որ նման գիտաժողովներ կկազմակերպվեն նաև ապագայում: