2005թ.-ի հուլիսի 11-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը և ՀԵԻԱ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Լիանա Հարությունյանը ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում հանդիպեցին հատուկ այցով Հայաստանում գտնվող Եվրոպական երիտասարդական ֆորումի խմբի անդամների հետ: Հանդիպման սկզբում ՀԵԻԱ գործադիր տնօրենը խմբի անդամներին, որոնց թվում էին Պիտեր Տորպ Քբգսենը (Եվրոպական երիտասարդական ֆորումի բյուրոյի անդամ) և Մարիանա Տուրկանը (Եվրոպական երիտասարդական ֆորումի բյուրոյի անդամ), ներկայացրեց ՀԵԻԱ-ի պատմությունը, իրականացված և ընթացիկ գործունեությունը, ապա տեղեկատվություն տրամադրեց ՀՀ հասարակական կազմակերպությունների սեկտորի վերաբերյալ: Այնուհետև խմբի անդամները մասնակիցներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը ՀՀ-ում երիտասարդության և երիտասարդական ՀԿ-ների գործունեության վերաբերյալ: Հանդիպման վերջում պրն Պիտեր Տորպ Քբգսենը խմբի անունից շնորհակալություն հայտնեց ՀԵԻԱ-ի ներկայացուցիչներին` տրամադրած բովանդակալից և համապարփակ տեղեկատվության համար, որը մեծապես կօգնի Հայաստանի ՀԿ սեկտորի և երիտասարդական ՀԿ-ների գործունեության վերաբերյալ զեկույցի պատրաստման գործում: