2005թ.-ի հուլիսի 15-ին Երևան հյուրանոցում կայացավ “Դատական համակարգ. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները” թեմայով ուսանողական հանրապետական գիտաժողովի բանավոր փուլը, որը կազմակերպվեց Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից: Գիտաժողովի հովանավորներն էին Ամերիկյան իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակը և “Բուկինիստ” գրատունը: Բանավոր փուլի ընթացքում զեկույցներով հանդես եկան ներկայացված հինգ լավագույն աշխատանքների հեղինակները: Երիտասարդ իրավաբանների ելույթները գնահատվում էին գիտաժողովի դատավորների կողմից, որոնց կազմում այս անգամ ևս ընդգրկվել էին հեղինակավոր իրավաբաններ: Զեկուցողները բարձր մակարդակով ներկայացրեցին իրենց աշխատանքները, որոնցում անդրադառնում էին դատական համակարգում առկա և դատարանների գործունեության հետ կապված խնդիրներին, համապատասխան իրավական ակտերի թերություններին և բացթողումներին, ինչպես նաև ներկայացնում էին իրենց կարծիքներն ու առաջարկություններն օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ: Զեկույցներից հետո մասնակիցները պատասխանեցին դատավորների կողմից տրվող լուրջ և բարդ հարցերին: Այնուհետև կազմակերպիչները ամփոփեցին գիտաժողովի արդյունքները: “Դատական համակարգ. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները” թեմայով ուսանողական հանրապետական գիտաժողովի երրորդ մրցանակի արժանացավ Հրաչյա Աճառյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Խաչիկ Հարությունյանը, երկրորդ մրցանակը տրվեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Արմինե Ավետիսյանին, իսկ գիտաժողովի հաղթող ճանաչվեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Պերճ Խաչատրյանը: Վերջինիս, գիտաժողովի հովանավոր Բուկինիստ գրատան տնօրենը հանձնեց սահմանված մրցանակը: Մյուս մասնակիցները ևս արժանացան խրախուսական մրցանակների: Գիտաժողովի դատավորները բարձր գնահատեցին գիտաժողովի մասնակիցների աշխատանքն ու ջանքերը և նշեցին, որ նմանատիպ միջոցառումները իրական և ամուր հիմքեր են ստեղծում Հայաստանում իրավաբանական կրթության զարգացման և ապագա բարձր մասնագիտական նկարագիր ունեցող իրավաբանների կայացման համար:
Գիտաժողովի բանավոր փուլը լուսաբանեցին “ԱԼՄ” և “ԱՐ” հեռուստաընկերությունները, Հայաստանի հանրային ռադիոն, Ռադիո Հայը, “Ազատություն” ռադիոկայանը, ինչպես նաև “Առավոտ” և “Ազգ” օրաթերթերը: