2005թ.-ի օգոստոսի 8-ին “Դեպի Հայք” հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ “Ամառ 2005” կամավորական ծրագրի շրջանակներում կազմակերպվող հերթական ֆորումը: Այս անգամ հրավիրվածների ցանկում էին հայաստանյան հասարակական սեկտորի ներկայացուցիչները: Ֆորումի մասնակիցները տարբեր երկրներից Հայաստան ժամանած սփյուռքահայ ուսանողներ էին:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը ներկայացրեց իրենց կազմակերպությունը, այնուհետև անդրադարձավ մեր երկրում առկա և երիտասարդությանը հուզող մի շարք հիմնախնդիրների, այդ թվում` Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության անհրաժեշտությանը, Սփյուռքի դերին և սփյուռքահայ երիտասարդների հնարավոր ներդրմանը Հայաստանի զարգացման գործընթացում:
“Մաքուր Երևան” ՀԿ-ի նախագահ Պավել Ղարաքեշիշյանը պատմեց կազմակերպության ծրագրերի և առաջընթացների մասին, անդրադարձավ բնակչության մոտ համապատասխան մտածելակերպի ձևավորմանը, որն ուղղված է շրջապատը չաղտոտելուն և շրջապատին հոգացավ վերաբերմունք ունենալուն: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ներկայացնում էր ՀԵԻԱ նախագահի օգնական, հասարակության հետ կապերի պատասխանատու Մերի Եգանյանը: Նա պատմեց կազմակերպության հիմնադրման, առաքելության, նպատակների ու գործունեության սկզբունքային ուղղությունների մասին: Կազմակերպության համար նպատակային հանդիսացող ուղղությունների համատեքստում ՀԵԻԱ նախագահի օգնականը նշեց, որ բնակչության իրավագիտակցության բարձր մակարդակը և կրթված, գիտակից սերունդը այն գործոններն են, որոնք, անտարակույս, Հայաստանում կյանքի որակի բարձրացման երաշխիքներից են: