Հայաստանը 2020-ին. զարգացման հնարավոր սցենարներ

2005թ-ի սեպտեմբերի երեքին Մարզահամերգային համալիրում “Հայաստան 2020” ծրագրի շրջանակներում կայացավ կլոր սեղան-քննարկում: Հայաստան 2020-ը սցենարների մշակման ծրագիր է, որի նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետության համար մինչև 2020 թվականը այլընտրանքային զարգացման մոդելներ և մշակել երկրի զարգացման սցենարներ: Ծրագիրը ամբողջ աշխարհում բազմաթիվ հայերի համախմբող ցանց է: Քննարկմանը մասնակցում էին ցանցի անդամներ, հասարակական և պետական սեկտորների ներկայացուցիչներ և լրատվամիջոցներ: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից քննարկմանը ներկա էր ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամ Գոհար Ղևոնդյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրի գործունեության շրջանակներում առաջադրված Հայաստանի այլընտրանքային զարգացմանը վերաբերող չորս սցենարները: Սեղանների շուրջ հավաքված աշխատանքային խմբերը քննարկում էին սցենարները, իսկ նրանց առաջարկություններն ու գաղափարները խմբագրվում էին և ցուցադրվում մոնիտորի վրա: Սցենարները նպատակ ունեն նպաստելու այն քննարկումների ընդլայնմանը, որոնք ծավալվում են Հայաստանի հավանական ապագայի շուրջ: Քննարկման վերջում տեղի ունեցավ քվեարկություն, որի արդյունքնում ձայների գերակշիռ մեծամասնությանն արժանացավ Տոնի Հելպինի “Հայաստանը և Եվրամիությունը. վերադարձ տուն” սցենարը: Սցենարում արծարծվում են Հայաստանի ապագայի հարցում այս կամ այն աշխարհաքաղաքական ինքնությունների հետ երկրի ունեցած փոխհարաբերությունների դերը: Մասնակիցները ստացան չորս սցենարներն ընդգրկող ժողովածուների մեկական օրինակ: