Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, ելնելով իր առաքելության հիմնական դրույթներից` շարունակում է նպատակաուղղված գործունեություն ծավալել բնակչության իրավական իրազեկման ու շահերի աշտպանության ուղղությամբ: Այդ նպատակով կազմակերպության կողմից վերջերս հրատարակվեցին մի շարք տեղեկատվական թերթիկներ:
Տեղեկատվական թերթիկների առաջին շարքը հրատարակվել է ՓրայսութերհաուսՔուփերսի և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող “Հայաստանի Կառավարություն. Տեղեկատվության տարածում քաղաքացիների շրջանում” ծրագրի շրջանակներում, որի նպատակն է հանրությանը տեղեկատվություն տրամադրել ՀՀ գյուղատնտեսության, աշխատանքի, քաղաքաշինության, վիճակագրության, լեզվի, արխիվային և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, մշակույթի և երիտասարդության, բնապահպանության, տրանսպորտի և կապի ոլորտներում մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ: Տեղեկատվական թերթիկների հաջորդ շարքը հրատարակվել է Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպության (ICCO) աջակցությամբ` “Մարդու իրավունքների քարոզարշավ և ՀԵԻԱ ուժեղացում” ծրագրի շրջանակներում: Այս շարքում ընդգրկված տեղեկատվական թերթիկները վերաբերում են ՀՀ օրենսդրությամբ և միջազգային փաստաթղթերով սահմանված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, դրանց պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին և այլն:
Տեղեկատվական թերթիկների նպատակն է բարձրացնել բնակչության իրավագիտակցության մակարդակը, իրազեկել վերջիններիս իրենց իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ: Տեղեկատվական թերթիկներն անվճար տարածվում են բնակչության շրջանում` համապատասխան շահագրգիռ կազմակերպությունների միջոցով:
Տեղեկատվական թերթիկների օրինակներ կարող եք ձեռք բերել ՀԵԻԱ Կենտրոնական և մարզային մասնաճյուղերի գրասենյակներից: