2005թ.-ի նոյեմբերի 2-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը, ՀԵԻԱ իրավաբան Գևորգ Գյոզալյանը և փաստաբան Լիանա Հարությունյանը հյուրընկալվեցին “ԱրմենԱկոբ” հեռուստաընկերության Արթուր Սահակյանի “Խոսք առանց փողկապի” հեղինակային ծրագրին: Հաղորդման ընթացքում Կարեն Զադոյանը ներկայացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և “Լիգլ Ըլայընս” իրավաբանական ընկերության կողմից Երևանում և մարզերում հիմնադրված սահմանադրական փոփոխությունների իրավական իրազեկման հասարակական կենտրոնների գործունեությունը: Հաղորդման հյուրերը անդրադարձան ՀՀ գործող սահմանադրությանը և Սահմանադրության փոփոխությունների նախագծին, որը շուտով դրվելու է հանրաքվեի: Այնուհետև երիտասարդ իրավաբանները ուղիղ եթերից պատասխանեցին քաղաքացիների հեռախոսազանգերին, որոնցում վերջիններս արծարծում էին իրենց հուզող մի շարք հարցեր` կապված ՀՀ Նախագահի և Ազգային ժողովի լիազորությունների, դատական համակարգի, ՏԻՄ-երի, Երևանի կարգավիճակի և երկքաղաքացիության ինստիտուտի հետ: