“ԱրմենՏել” ընկերության միացյալ գործադուլային կոմիտեի առաջնորդները հյուրնկալվեցին “Խոսք առանց փողկապի” հեղինակային ծրագրին

2005թ.-ի նոյեմբերի 22-ին “ԱրմենՏել” ընկերության աշխատակիցներ ու միացյալ գործադուլային կոմիտեի առաջնորդներ Արմեն Աբրահամյանը, Հարություն Խառատյանը, Անդրանիկ Ղուկասյանը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը հյուրընկալվեցին “ԱրմենԱկոբ” հեռուստաընկերության` Արթուր Սահակյանի “Խոսք առանց փողկապի” հեղինակային ծրագրին: Հաղորդման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց տեսակետները ԱրմենՏել ընկերության (Ծրագրերի սպասարկման), Համակարգերի կառավարման, ձեռնարկության Ինֆորմացիոն համակարգերի զարգացման ու շահագործման և Համակարգչային սարքավորումների սպասարկման ու շահագործման բաժինների կողմից ստեղծված միացյալ գործադուլային կոմիտեի կողմից ԱրմենՏել-ին ներկայացված պահանջների, հայտարարված ու իրականացված նախազգուշական գործադուլի, ապագայում իրենց կողմից իրականացվելիք գործողությունների, 2005թ.-ի նոյեմբերի 18-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Գոռ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցած խայտառակ դատաքննության մասին: Հաղորդման ընթացքում խոսվեց նաև ԱրմենՏելի Համակարգերի կառավարման բաժնի պետ Անդրանիկ Ղուկասյանին` իր և իր գործընկերների կոլեկտիվ աշխատանքային իրավունքների պաշտպանության համար ԱրմենՏելի ղեկավարության կողմից հետապնդումների ենթարկելու և աշխատանքից անօրինական կերպով ազատելու մասին: Անդրանիկ Ղուկասյանը վստահեցրեց, որ բոլոր օրինական միջոցներով պայքարելու և վերականգնելու է իր խախտված իրավունքները: Հաղորդման ընթացքից երևում էր, որ մասնակիցները մարտականորեն են տրամադրված և հետևողականորեն պայքարելու են իրենց օրինական պահանջների իրականացման համար: