2007թ.-ի հուլիսի 27-ին “Քաղաքացիական ծառայության համակարգում հասարակական միավորումների դիտորդական առաքելության խրախուսումը որպես հակակոռուպցիոն միջոցառում” ծրագիրը իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի վարչական շենքում հանդիպեցին ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի, “Եվրասիա” հիմնադրամի և ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչներ: Հանդիպման սկզբում ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը ներկայացրեց իր ղեկավարած խորհրդի նպատակներն ու խնդիրները, գործունեության շրջանակը: Այնուհետև Հայ պետծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանը ներկայացրեց “Քաղաքացիական ծառայության համակարգում հասարակական միավորումների դիտորդական առաքելության խրախուսումը որպես հակակոռուպցիոն միջոցառում” ծրագրի արդյուքներից բխող առաջարկները: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը առաջարկեց “Քաղաքացիական ծառայության մասին” օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու միջոցով վերականգնել մրցութային և ատեստավորման հանձնաժողովներում հասարակական կազմակերպությունների անդամությունը: Հանդիպման ընթացքում կատարվեցին շահագրգիռ քննարկումներ: Հանդիպման վերջում ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը բարձր գնահատեց հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը և առաջարկեց, որ այդ համագործակցությունը ապագայում ևս լինի փոխշահավետ և արդյունավետ: