Ամերիկայի հայ իրավաբանների միության անդամների տարեմիջյան հանդիպումը անցկացվեց Փարիզում և Երևանում սույն թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 7-ը: Երևանում Ամերիկայի հայ իրավաբանների միության անդամները որպես դատավոր մասնակցեցին նաև հոկտեմբերի 3-ին Հայաստանում ամերիկյան համալսարանի իրավաբանական բաժնի կողմից կազմակերպված դատախաղին: Դատախաղին հրավիրված էին նաև Ջեսափի մրցույթի մասնակիցները և կազմակերպիչները: Դատախաղից հետո Ամերիկայի հայ իրավաբանների միության նախկին նախագահ Ռոբերտ Ռումյանը և իր տիկին Մարո Ռումյանը 2007թ.-ի Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող թիմի անդամներին և մրցույթի կազմակերպիչներին հրավիրեցին ընթրիքի, որին ներկա էր նաև Ջոն Մարշալի իրավաբանական դպրոցի պրո ֆեսոր Էն Մ. Լուսինը: Ընթրիքի ընթացքում Ամերիկայի հայ իրավաբանների միության անդամների կողմից ողջունվեց Ջեսափի մրցույթի կազմակերպումը և հույս հայտնվեց, որ մրցույթի մասնակիցների շրջանակն առաջիկայում ավելի կընդարձակի:
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին տեր և տիկին Ռումյանները հյուրընկալվեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում, որտեղ կայացավ հանդիպում Հայաստանի Ջեսափի ակումբի մասնակիցների հետ:
Հանդիպման ընթացքում Ջեսափի ակումբի համակարգողի կողմից հյուրերին ներկայացվեց Հայաստանի Ջեսափի ակումբի ստեղծման նպատակն ու գործունեությունը, պարոն Ռումյանի կողմից ներկայացվեց Ամերիկայի հայ իրավաբանների միության գործունեությունը և քննարկվեցին հետագա հնարավոր համագործակցության ուղիները:
Հանդիպման ավարտին պարոն Ռումյանին շնորհվեց Հայաստանի Ջեսափի ակումբի բարեկամի կոչում` ի հավաստումն նախորդ տարիներին Ջեսափի մրցույթին աջակցելու համար երախտագիտության:
Ջեսափականների հետ հանդիպման ավարտից հետո տեր և տիկին Ռումյանները հանդիպում ունեցան նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ղեկավար կազմի հետ, որին մասնակցեցին ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը, ասոցիացիայի փոխնախագահ Դավիթ Աբգարյանը և ասոցիացիայի Հայաստանի իրավունքի պատմության հանձնաժողովի ղեկավար Մարատ Ատովմյանը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել երկկողմանի փոխշահավետ համագործակցությունը: