Հայտարարություն

ք. Երևան
27 փետրվարի, 2008թ.
Փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահի հերթական ընտրություններ: Ընտրությունների կազմակերպման ու անցկացման ողջ գործընթացի` ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին չհամապատասխանելու և հրապարակված արդյունքների համոզիչ չլինելու վերաբերյալ հասարակության զգալի մասի մոտ ձևավորված կարծիքը, ինչպես նաև հետընտրական զարգացումները երկրում առաջացրել են ծայրահեղ լարված քաղաքական մթնոլորտ, ինչը կարող է վտանգել Հայաստանի` որպես իրավական և ժողովրդավարական պետության ապագան:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան,
համոզված լինելով, որ Հայաստանի ապագան պետությունների Եվրոպական ընտանիքին լիարժեք ինտեգրումն է,
նպատակ ունենալով համակողմանիորեն և անվերապահորեն նպաստել Հայաստանի` որպես իրավունքի գերակայության վրա հիմնված, ժամանակակից ժողովրդավարական պետության կայացմանը,
իր անդամների և մեր երկրի անկախացումից հետո ձևավորված իրավաբանների նոր սերնդի անունից
ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Հայաստանի Հանրապետության իշխանություններին.
ա) հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների ապահովման իրենց պարտականությունների կատարմանը.
բ) ապահովել խոսքի ու տեղեկատվության ազատության իրավունքի իրացումը.
գ) անհապաղ ազատ արձակել քաղաքական ակտիվության ցուցաբերման, ընդդիմության հետընտրական հանրահավաքներին աջակցելու կամ դրանց մասնակցելու, իրենց կարծիքի ազատ արտահայտման պատճառով ձերբակալված բոլոր անձանց.
դ) բացառել բռնի ուժի կիրառումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքական ընդդիմությանը.
ա) առկա վեճերը լուծել իրավունքի հիման վրա և միայն իրավական մեխանիզմներով.
բ) ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է դուրս գալ օրինականության շրջանակներից և առաջացնել անբարենպաստ իրավական հետևանքներ:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանին.
ա) հնարավորինս սեղմ ժամկետներում քննության առնել նախագահի թեկնածու (ների) ` ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումը(ները),
բ) անկողմնակալ և անաչառ վերլուծելով ընտրական ամբողջ գործընթացը` կայացնել օբյեկտիվ և արդար որոշում:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա