Կայացավ Վաշինգթոնից վերջերս վերադարձած “Ֆ. Ջեսափի միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի միջազգային մրցափուլին Հայաստանը ներկայացնող Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թիմի և Հայաստանում Ջեսափի մրցույթի կազմակերպիչների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին թիմի` միջազգային մրցափուլին մասնակցույթյան մանրամասները, ցուցաբերած արդյունքները և հայկական թիմերի կողմից լավագույն արդյունքներ ցուցաբերելուն խոչընդոտող հանգամանքները:
Չորս նախընտրական մրցափուլերում հանդես գալով Մեքսիկան, ԱՄՆ Վիրջինիայի համալսարանը, Բուլղարիան և Լիտվան ներկայացնող թիմերի դեմ` մեր թիմը կրել է պարտություն` հակառակորդ թիմերին զիջելով գնահատականների շատ փոքր տարբերությամբ:
Որպես առավել լավ արդյունքների հասնելու խոչընդոտ` թիմի անդամները նշում են դատավորների սուբյեկտիվիզմը, այն հյուրանոցում չբնակվելը, որտեղ անցկացվում է մրցույթը, լեզվական խնդիրը, հայաստանյան բուհերում միջազգային իրավունքը ոչ այնքան խորությամբ ուսումնասիրելը և դասավանդման նոր մեթոդներ ներմուծելու անհրաժեշտությունը:
Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս հայաստանյան թիմի համար որոշակի առումով խնդիր է հանդիսացել անգլերեն լեզուն` հատկապես հարցուպատասխանի ընթացքում:
Վերոնշյալ խնդիրների գոյությունը առաջացնում է անհրաժեշտություն ինչպես բուհերում կրթական ծրագրերի, այնպես ել Հայաստանում Ջեսափի մրցույթի անցկացման կարգի վերանայման, ինչը միայն կարող է նպաստել հայ իրավաբան-ուսանողների` միջազգային աշխատաշուկայում մրցունակ լինելուն: