“Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական հինգերորդ գիտաժողովն ավարտվեց

2008թ.-ի նոյեմբերի 27-ին Գոուլդեն Թուլիփ Երևան հյուրանոցում կայացավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և “ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” իրավաբանական ընկերության կողմից կազմակերպվող “Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական հինգերորդ գիտաժողովի բանավոր փուլը: Գիտաժողովն արդեն կայացած ավանդույթ է և նպատակ ունի փաստաբանության բնագավառում բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը, խրախուսել նրանց կողմից լուրջ ուսումնասիրությունների իրականացումը, նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի դերի բարձրացմանը, ինչպես նաև թույլ է տալիս լսել նոր գաղափարներ և լուծումներ, որոնք առաջարկվում են նոր սերնդի երիտասարդ իրավաբանների կողմից:
Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից` գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 50 ուսանողներ` Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 22 իրավաբան ուսանողներ: Ներկայացված տաս լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցել բանավոր փուլին, որի ընթացքում հանդես եկան իրենց զեկույցներով: Զեկուցողները բանավոր փուլի ընթացքում ներկայացրեցին իրենց աշխատանքները, որոնցում անդրադարձել էին փաստաբանական ինստիտուտին, գործող օրենսդրությանը, վեր էին հանել դաշտում առկա թերություններն ու բացթողումները` առաջարկելով իրենց տեսակետները դրանց վերացման ուղղությամբ: Երիտասարդ իրավաբանների ելույթները գնահատվում էին հեղինակավոր իրավաբաններից, փաստաբաններից, ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակիցներից կազմված ժյուրիի կողմից:
“Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական հինգերորդ գիտաժողովի “Լավագույն գրավոր զեկույց” մրցանակին արժանացավ Երևանի Պետական Համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Նանե Սահակյանը: Գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Երևանի Պետական Համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Ավագյանը: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Լիլիթ Գինոսյանը արժանացավ երկրորդ մրցանակին: ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանի կողմից սահմանված հատուկ մրցանակին արժանացավ Եղեգնաձորի “Գիտելիք” համալսարանի չորրորդ կուրսի ուսանողուհի Մարի Դավթյանը: Իսկ գիտաժողովի հաղթող և լավագույն հռետոր ճանաչվեց Ոստիկանության ակադեմիայի հինգերորդ կուրսի ուսանող Դավիթ Ղարիբյանը: Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ և համապատասխան հավաստագրեր: Գրավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան մասնակցության հավաստագրերի:
Գիտաժողովի բանավոր փուլը լուսաբանվեց “Երկիր Մեդիա” և “TV 5” հեռուստաընկերության, Հայաստանի հանրային ռադիոընկերության, “Իրավունքը de facto” թերթի կողմից: