2008թ.-ի դեկտեմբերի 4-ին Գոլդեն Թուլիփ Երևան հյուրանոցում կայացավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի VIII համաժողովը: Համաժողովի սկզբում ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը հակիրճ ներկայացրեց ՀԵԻԱ-ի ռազմավարական ուղղությունները, որոնց ուղղությամբ կազմակերպությունն աշխատել է վերջին երկու տարիների ընթացքում:
Այնուհետև ՀԵԻԱ-ի նախագահն անդրադարձավ այն հիմնական նպատակներին, որոնք որդեգրելու է կառույցը առաջիկայում` առանձնացնելով հատկապես անդամության ինստիտուտի և ՀԵԻԱ-ի կառուցվածքային ստորաբաժանումների հզորացման, վարչության կազմի պատասխանատվության, կառույցի ներկազմակերպական կյանքի բարելավմանն ու աշխուժացմանն առնչվող, ինչպես նաև ՀԵԻԱ-ի կողմից հակակոռուպցիոն ուղղվածությամբ աշխատանքների իրականացման և արտերկրի համապատասխան կազմակերպությունների հետ մասնագիտական կապերի զարգացման հարցերը: Համաժողովը բարձր գնահատեց և հաստատեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահի կողմից ներկայացված ասոցիացիայի 01.12.2006թ.-ից մինչև 01.12.2008թ.-ը ընկած ժամանակահատվածի գործունեության, գույքի օգտագործման և ֆինանսական հաշվետվությունը:
Համաժողովի կողմից Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ ընտրվեց Կարեն Զադոյանը, փոխնախագահ` Դավիթ Աբգարյանը, պատասխանատու քարտուղար` Նարինե Կարապետյանը: Վարչության կազմում եղան փոփոխություններ, և վարչության անդամներ ընտրվեցին Արծրուն Միրզոյանը, Արշավիր Խալափյանը, Գարիկ Հայրապետյանը, Լուսինե Աբգարյանը, Լիանա Հարությունյանը, Արփինե Եղիկյանը, Մարատ Ատովմյանը և Ռոբերտ Գրիգորյանը: Այնուհետև տեղի ունեցան ՀԵԻԱ-ի մարզային գրասենյակների ղեկավարների հետ ՀԵԻԱ-ի նախագահի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները: