Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող “Հայաստանի հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում, որպես վերը նշված ծրագրի իրականացման կոնսորցիումի տեղական գործընկեր իրականացնում է “Տեղեկատվության տարածում” ենթածրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է հեռարձակել 16 ռադիոհաղորդումներ նվիրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ու կրթության և գիտության նախարարությունների կողմից մատուցվող հանրային ծառայություններին: 2004թ.-ի մայիսի 31-ին “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում Հայաստանի հանրային ռադիոընկերության եթերով հեռարձակվեց հինգերորդ ռադիոհաղորդումը նվիրված “Տուն-ինտերնատներում և տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկմանը”: Ռադիոհաղորդման սկզբում ռեպորտաժ տրվեց Նորքի տուն-ինտերնատից, թե այնտեղ ինչպե՞ս են սպասարկում և խնամում միայնակ տարեցներին: Այդ մասին պատմեցին իրենք` տուն-ինտերնատի բնակիչները: Այնուհետև տուն-ինտերնատներում և տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկման բնագավառում Հայաստանում իրականացվող պետական ռազմավարության և միայնակ տարեցների սոցիալական սպասարկման ձևերի ու տեսակների վերաբերյալ պարզաբանումներ ու տեղեկատվություն տրամադրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների ու տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը: