Կոտայքի ՇՊԱԿ-ը հյուրընկալեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին

Սույն թվականի օգոստոսի 5-ին ՀՀ Կոտայքի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնը, որը շահագործվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից, առաջին անգամ հյուրընկալեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին, Հայաստանում ԱՄՆ փոխհյուպատոս պարոն Մայքլ Քրեյդլերին և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հացերով մասնագետ տիկին Լիլիթ Օհանյանին: Հանդիպման ընթացքում հարգարժան հյուրերը հանդիպեցին ՀՀ Կոտայքի մարզի ՇՊԱԿ-ի ղեկավար Մարատ Ատովմյանի, ՇՊԱԿ-ի աշխատակիցների, կամավորների և Կենտրոնի շահառուների հետ: Մ.Ատովմյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ Կոտայքի մարզի ՇՊԱԿ-ի գործունեությունն ու արդյունքները, մասնավորապես, Կենտրոնի ձեռքբերումները, իրականացրած համակարգային և ընթացակարգայն բարեփոխումները, Կենտրոնի հմուտ աշխատակազմի միջամտությամբ հանգուցալուծված գործերը: Տիկին Յովանովիչն առավել տպավորվեց Կենտրոնի շահառուների կողմից ՇՊԱԿ-ին և ՀԵԻԱ-ն ուղղված շնոհակալագական նամակներից, նշելով, որ դրանցում շահառուները իրոք հայտնում են իրենց երախտիքի խոսքը` իրենց իրավունքների պաշտպանության համար, որից հետո դեսպան Յովանովիչը անձամբ զրուցեց Կենտրոնի շահառուներից մի քանիսի հետ` ծանոթանալով նրանց խնդիրներին և պատմություններին: Հյուրերի և մասնակիցների անմիջական շփման արդյունքում հանդիպումը անցավ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում:

Նույն օրը, Կոտայքի ՇՊԱԿ-ում տեղի ունեցավ դեսպան Յովանովիչի մամլո-ասուլիսը, որի ներկա էին ՀՀ Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայության, Հրազդանի մամլո ակումբի, Աբովյան, Չարենցավան և Հրազդան քաղաքների հեռուստաընկերությունների ներկայացուցիչները: Մամլո-ասուլիսի ընթացքում դեսպանը լրագրողներին ներկայացրեց Կոտայքի մարզի և հատկապես ՇՊԱԿ իր այցելության նպատակները, և այդ այցելության արդյունքները: Դեսպանն իր խոսքում առանձնահատուկ ընդգծեց ՇՊԱԿ այցելությունից իր ստացված տպավորությունները, նրա դերն ու նշանակությունը, և կոչ արեց լրագրողներին ավելի սերտացնել ՇՊԱԿ-ի հետ համագործակցությունը: Լրագրողներին հնարավորություն ընձեռնվեց դեսպանին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը և ստանալ դրանց պատասխանները: