Հաջողության պատմություններ. Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի շնորհիվ քաղաքացիները դատարանում հաղթում են «Երևան Ջուր»-ին

Քաղաքացի Սաթենիկ Նիկողոսյանն ընտանիքով տևական ժամանակով մեկնել է Հայաստանից, վերադառնալիս տեղեկացել է, որ «Երևան Ջուր» ՓԲԸ-ն իր դեմ դատական հայց է ներկայացրել՝ ջրի վարձը չմուծելու համար: Ընկերությունը դատարանից խնդրում էր քաղաքացուց բռնագանձել 308.256 ՀՀ դրամ պարտքի գումարը և 6.165 ՀՀ դրամ պետական տուրք։

«Իրանք ասում են, որ մենք ջրի փողը չենք մուծել, բայց մենք մուծել ենք: Մերը սեփական տուն է, մենք դրսում կռանթ ունենք, ուշ ենք ջրաչափը դրել, նրանք գիտեին դրված է, նրանք մեզ դատի էին տվել՝ պատճառաբանելով, թե չենք մուծել, սակայն մենք ՌԴ-ում ենք եղել, ուշ ենք եկել Հայաստան ու գալով ջրաչափը դրել ենք»,- Իրավաբան.net-ին ասել է քաղաքացին:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճռել է քաղաքացուց հօգուտ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 30 հազար 200 ՀՀ դրամ` որպես մատուցված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց պարտքի գումար։

«Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, իսկ քաղաքացին որոշել է դիմել ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոնին. «Մենք դիմեցինք, վերաքննիչ բողոքի պատասխանը կազմեցին այստեղ ու այդ պատասխանի շնորհիվ «Երևան Ջուր»-ն ինձնից չկարողացավ վերցնել 308 հազար դրամ գումար»,- փոխանցեց տիկին Սաթենիկը:

Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի փաստաբան Մարիամ Զադոյանն է այս գործով զբաղվել: Իրավաբան.net-ին նա ասաց. «Մենք պատասխանում նշեցինք, որ ՓԲԸ-ն ընդհանրապես չի ապացուցում իր կողմից բերված փաստերն, այսինքն՝ ապացույց չկա, որ վերջին չորս տարիների ընթացքում քաղաքացին օգտվել է իր ծառայություններից, որովհետև ներկայացված քաղվածքները հնարավորություն չէին տալիս դա պարզել, ու ընդհանրապես ոչ մի իրավական հիմնավորում, հաշվարկ չկար ընկերության պահանջի մեջ»,- ասաց փաստաբանը:

Վերաքննիչ բողոքի պատասխանի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ փաստեր վկայակոչող կողմը պետք է ապացույցներ ներկայացնի: Դատարանը նույնպես համաձայն է եղել պատասխանի հետ: Ուստի վերաքննիչ ատյանը որոշել է «Երևան Ջուր»-ի բողոքը մերժել:

Մարիամ Զադոյանի խոսքերով՝ նմանաբնույթ դեպքերը շատ են լինում. «Սա առաջին դեպքը չի, որ մենք օգնում ենք քաղաքացիներին «Երևան Ջուր» ՓԲԸ-ին հաղթել, վերջերս մի քաղաքացու էլ օգնեցինք: ՓԲԸ-ն պահանջել էր նրանից բռնագանձել 100 հազար դրամ»,- ընդ որում, մեր զրուցակից խոսքերով, ընկերության քաղվածքների վրա գրված է եղել այլ անձի անուն ազգանունը, ջրաչափի համարն ու հեռախոսահամարը, միայն հասցեն է պատկանել այն անձին, ում դեմ ՓԲԸ-ն բողոք էր ներկայացրել. «Պարզվեց, որ այդ ամբողջը պետք է գնար քաղաքացու հարևանին, ոչ թե իրեն, սակայն առաջին ատյանում այդ գործը քննվել էր առանց քաղաքացու ներկայության, բավարարվել էր ընկերության պահանջը, իսկ վերաքննիչ բողոքի միջոցով բոլոր հիմնավորումները ներկայացրինք ու կրկին հաղթեցինք»,- ասաց մեր զրուցակիցը: