«ՀՀ սահմանադրությունը քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին» գիտաժողով

2006 թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 11.00-ին, Երևանում, Գոուլդեն Թյուլիփ Երևան հյուրանոցում տեղի ունեցավ «ՀՀ սահմանադրությունը քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին» թեմայով իրավաբան ուսանողների և երիտասարդ իրավաբանների հանրապետական գիտաժողովի եզրափակիչ` բանավոր փուլը, որը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից` Հայաստանի իրավաբանական հիմնադրամի մասնակցությամբ և Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի աջակցությամբ:

Գիտաժողովի հովանավորներն էին Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը: Գիտաժողովի նպատակն էր բարձրացնել երիտասարդ իրավաբանների իրավական իրազեկության և իրավագիտակցության մակարդակը ՀՀ-ում վերջերս իրականացված սահմանադրական փոփոխությունների և դրան հետևող օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ, խթանել այդ բնագավառում երիտասարդ իրավաբանների կողմից մասնագիտական հետազոտությունների իրականացումը: Գիտաժողովը հնարավորություն ընձեռեց վերլուծել սահմանադրական փոփոխությունների դրույթները և դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման վրա:

Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից` գրավոր և բանավոր: Հաստատված ժամանակացույցի համաձայն` մինչև 2006թ.-ի սեպտեմբերի 20-ը, գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 39 մասնակիցներ, այդ թվում` իրավաբան ուսանողներ և շրջանավարտներ Երևանի և ՀՀ մարզերի իրավաբանական ԲՈՒՀ-երից և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետներից, ինչպես նաև երիտասարդ իրավաբաններ պետական ու ոչ պետական տարբեր հաստատություններից: Գիտաժողովին մասնակցելու հայտեր ներկայացրած 39 ուսանողներից սահմանված ժամկետում իրենց զեկույցները ներկայացրեցին 19-ը: Գիտաժողովի գրավոր փուլում առավելագույն միավորներ հավաքած 6 լավագույն զեկույցների հեղինակները, պաշտոնական կանոնների համաձայն, իրավունք ստացան որպես զեկուցողներ մասնակցելու գիտաժողովի եզրափակիչ` բանավոր փուլին:

Գիտաժողովի գրավոր և բանավոր աշխատանքները գնահատելու համար` որպես գիտաժողովի դատավորներ, հրավիրվեցին ճանաչված փաստաբաններ, իրավաբաններ և դատավորներ: Գիտաժողովի հաղթողները արժանացան արժեքավոր մրցանակների:

Միջոցառումը լուսաբանեցին «ԱՐ”, «Արմնյուզ», «Երևան» և «Արմենիա» հեռուստաընկերությունները, Հայաստանի Հանրային ռադիոն, Ռադիո Հայը, «Անցուդարձ» էլեկտրոնային թերթը:

Գիտաժողովի արդյունքում տպագրվեց «ՀՀ սահմանադրությունը քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին» թեմայով իրավաբան ուսանողների և երիտասարդ իրավաբանների հանրապետական գիտաժողովի 4 լավագույն զեկույցները ներառող գիտաժողովի նյութերի ժողովածուն, որտեղ հեղինակներն անդրադարձել են ՀՀ Սահմանադրության փոփոխված դրույթներին, դրանից բխող օրենսդրական և դատաիրավական փոփոխություններին, ներկայացրել իրենց կարծիքներն ու առաջարկությունները օրենսդրության կատարելագործման վերաբերյալ: