Իրավաբանների հայկական ասոցիացիան մասնակցում է Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի ստեղծման աշխատանքներին

Սույն թվականի հուլիսի 10-ին ԴաբլԹրի բայ Հիլթն Երևան Սիթի Սենթերում տեղի ունեցավ «ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի վերաբերյալ հետազոտության» զեկույցի նախագծի ազգային խորհրդակցությանը, որին մասնակցում էր նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսություն հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչ Տիգրան Դանիելյանը։

Հետազոտությունը հիմնված է «CIVICUS Քաղաքացիական մասնակցության համաշխարհային միավորման» և «Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի» (ICNL) կողմից մշակված մեթոդաբանության վրա։ Հետազոտության նպատակն է գնահատել, թե որքանով են երկրի պայմանները նպաստավոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ստեղծման, աշխատանքի և գործունեության համար, մասնավորապես, թե ինչպես են գործնականում իրականացվում հիմնարար քաղաքացիական ազատությունների վերաբերյալ օրենքներն ու կանոնակարգերը և ինչպես են դրանք ազդում քաղաքացիական հասարակության վրա: Նախագիծն իր մեջ պարունակում է հետևյալ թեմաները․խոսքի ազատություն, տեղեկատվության մատչելիություն, հավաքների ազատություն, արդյունավետ համագործակցություն։

Նշենք, որ հետազոտության մշակման աշխատանքներին որպես փորձագետ ներգրավված է եղել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսություն հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը։

Քննարկման առաջին փուլում մասնակիցներին ներկայացվեցին վերը նշված ոլորտներից նախնական առաջարկություններ։ Այնուհետև՝ քննարկման երկրորդ փուլում, մասնակիցներն ըստ թեմաների բաժանվեցին առանձին աշխատանքային խմբերի՝ առաջարկությունները քննարկելու և դրանց իրականացման համար գործողությունների պլան մշակելու համար։ Երրորդ փուլում աշխատանքային խմբերի ներկայացուցիչները բոլոր մասնակիցներին ներկայացրեցին իրենց կողմից կատարված աշխատանքը, որից հետո տեղի ունեցավ միջոցառման ամփոփումը։

Նկարը։ «ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից