Հակակոռուպցիոն աշխատաժողով՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր՝ մայիսի 18-ին, տեղի ունեցավ «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով աշխատաժողովը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր ողջույնի խոսքում հայտարարեց, որ այսուհետև կոռուպցիայի դեմ պայքարը թևակոխում է նոր՝ առավել թիրախավորված, վճռական փուլ:  Նա կարևորեց օրենսդրական և ինստիտուցիոնալ կառուցակարգերի ստեղծումը.

«Կառավարությունը նախատեսում է առաջիկայում ստեղծել անհրաժեշտ երաշխիքներով և գործիքակազմով օժտված հակակոռուպցիոն մարմին, որն իրավաասու է լինելու իրականացնել կանխարգելիչ, կրթական, օպերատիվ-հետախուզական և քննչական գործառտույթներ: Կուզեի շեշտել, որ ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները մարմնի լիարժեք անկախությունն ապահովելու նպատակով»,- ասաց արդարադատության նախարարը:

Ծրագրի ղեկավար, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող  Կարեն Զադոյանը նշեց, որ հակակոռուպցիոն պայքարը տարիների պատմություն ունի և հատկապես վերջին տարիներին այդ պայքարի արդյունքում և կոալիցիայի առաջարկությամբ ընդունվել են մի շարք օրենսդրական դրույթներ, որոնց շնորհիվ  կոռուպցիայի դեմ պայքարելու  լուրջ գործիքակազմ է ստեղծվել:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Թևան Պողոսյանի խոսքով՝ ներկայումս «բացվել է այն դուռը», որպեսզի հասարակությունը գիտակցի, որ անհանդուրժելի է կոռուպցիան և հպարտանալու արժեք է այն, երբ ինչ-որ բանի հասնում ես ինքնուրույն՝ սեփական գիտելիքներով ու հմտություններով:

Աշխատաժողովի ընթացքում ելույթներ ու քննարկումներ եղան Հայաստանում ներդրված ապօրինի հարստացման քրեականացման և ազդարարման ինստիտուտների, հակակոռուպցիոն պայքարում ակտիվների վերականգման ինստիտուտ  ներդնելու և դրա հնարավորությունների, հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մարմին ստեղծելու անհրաժեշտության,  բիզնեսի և քաղաքականության տարանջատման, ազատ տնտեսական մրցակցության ապահովման, մենաշնորհների դեմ պայքարի և իրական սեփականտերերի բացահայտման ինստիտուտի ստեղծման անհրաժեշտության մասին:

Միջոցառման սկզբնամասում Կարեն Զադոյանը և Թևան Պողոսյանը պատասխանեցին նաև ներկա լրագրողներին հարցերին:

Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: