Իրավաբանների հայկական ասոցիացիան ակտիվ մասնակցում է Գործարար շահերի պաշտպանության ցանցի գործունեությանը

Իրավաբանների հայկական ասոցիացիայի «Բիզնես պաշտպան» նախագծի փորձագետ Մարիամ Զադոյանն այսօր՝ փետրվարի 27-ին, մասնակցել է Գործարար շահերի պաշտպանության ցանցի աշխատաժողովին, որը տեղի է ունեցել Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատում։
Աշխատաժողովի նպատակն է ցանցի գործունեության բարելավումը, ցանցի անդամների կարողությունների զարգացումը, աշխատանքի արդյունավետությունը և պետություն-մասնավոր հատված երկխոսոԻրավաբանների Հայկական Ասոցիացիաւթյան ամրապնդման միջազգային փորձի ներկայացումը:
Աշխատաժողովն անցկացրեցին Վաշինգթոնի «Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոն»-ի (CIPE, Washington) Ծրագրերի պատասխանատու Եկատերինա Լիսովան և Ծրագրային օգնական Էլիզաբեթ Լենզը։
Ծրագրի շրջանակներում մասնակիցներն ուսումնասիրեցին կոալիցիաների համագործակցության կարողությունների միջոցները և գնահատեցին ցանցի կարողությունները՝ ըստ 9 չափանիշների: Գնահատման արդյունքներում որոշվեց քայլեր ձեռնարկել թույլ կողմերն ավելի ուժեղացնելու ուղղությամբ։ Այդ նպատակով համաձայնություն ձեռք բերվեց առավել համակարգված իրականացնել բիզնեսի շահերի պաշտպանության գործառույթը, որպեսզի ցանցի անդամներն առավել տեղեկացված լինեն իրենց կոլեգաների ոլորտային հաջողություններից։
Մարիամ Զադոյանը ներկայացրեց բիզնես ոլորտում Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից վերջերս իրականացված քայլերը և բարեփոխումները՝ մասնավորապես՝ բիզնես ոլորտի ազդարարման և իրազեկման հարթակի գործարկումը՝ www.bizprotect.am, «Բարենպաստ բիզնես միջավայր․ մարտահրավերներ և առաջարկություններ» զեկույցի կազմումը և ներկայացումը ՀՀ կառավարություն՝ շուրջ 90 առաջարկություններով, որոնցից որոշներն արդեն կատարվել են, ինչպիսիք են ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչի տեղադրումը, գնումներում գնահատող հանձնաժողովների գործունեության ժամկետների նախատեսումը և հայտերի ապահովման ներկայացման պահանջի նախատեսումը միայն որոշակի շեմից վեր լինելու դեպքում։
Հիշեցնենք, որ «Գործարար շահերի պաշտպանության ցանց»-ը կազմակերպությունների և անհատների ոչ պաշտոնական միավորում է, որի նպատակն է միացյալ ուժերով նպաստել Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացմանը և մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը, ապահովելով գործարար հանրության և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն ու մասնակցությունը հանրային քաղաքականության մշակման, իրականացման, վերահսկման և գնահատման գործընթացներում:
Ցանցի նպատակն է գործարար հանրության ձայնը հասանելի դարձնել պետական մարմիններին, հանդես գալ որպես կարող կառույց՝ ավելի արդյունավետ իրականացնելու փոքր և միջին գործարարության ոլորտի իրենց շահառուների շահերի պաշտպանությունը: