Սյուզաննա Սողոմոնյանը երիտասարդներին է ներկայացրել բարեխիղճ և պրոֆեսիոնալ իրավաբան դառնալու բանաձևը

Սույն թվականի փետրվարի 21-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը հյուրընկալել է Եվրասիա միջազգային համալսարանի Պատանի իրավաբանի դպրոցի և Պատանի դիվանագետի դպրոցի աշակերտներին։

Հանդիպման ընթացքում Սյուզաննա Սողոմոնյանը աշակերտների հետ խոսել է Հայաստանում իրավական համակարգի զարգացման և հակակոռուպցիոն պայքարի մասին, ինչպես նաև այդ առանցքային գործընթացներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացրած աշխատանքների և երիտասարդության դերի մասին։

Իրավաբանի մասնագիտությամբ հետաքրքրվող աշակերտներին ներկայացվել է նաև իրավաբանի մասնագիտության նրբությունները, մասնագիտական փորձառության ճանապարհին հանդիպող դժվարություններն ու մարտահրավերները։ Սյուզաննա Սողոմոնյանը իր փորձով նաև խրախուսել է երիտասարդներին դառնալ բարեխիղճ և պրոֆեսիոնալ իրավաբան՝ նպաստելով մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին և իրավական պետության զարգացմանը։

Աշակերտները ծանոթացան նաև այն բացառիկ հնարավորություններին, որոնք կարող են ունենալ Ասոցիացիայի հետ համագործակցության արդյունքում։