ԻՀԱ հակակոռուպցիոն փորձագետը վերապատրաստվել է Ավստրիայի միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայում

2017թ.-ի հոկտեմբերի 2-ից – 4-ը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանը մասնակցեց Ավստրիայի միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի (ՄՀԱ) կողմից կազմակերպված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներկայացուցիչների համար նախատեսված հատուկ հակակոռուպցիոն ուսումնական դասընթացին։

Հայաստանից մասնակիցների թվում էին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի ներկայացուցիչներ Կարեն Առուստամյանը և Աբրահամ Բախչագուլյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչ Լիլիթ Պետրոսյանը և Հայաստանի Կենտրոնական բանկից Կոմիտաս Ստեփանյանը։

Դասընթացի ժամանակ դասախոսություններով հանդես եկան ՄՀԱ-ի պրոֆեսորները և հակակոռուպցիոն բնագավառի այլ փորձագետներ։ Թեմաները ներառում էին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձը, կոռուպցիայի դեմ պայքարում առկա ժամանակակից մարտահրավերները և միտումները, կոռուպցիայի դեմ պայքարում պետության և մասնավոր սեկտորի համագործակցությունը, տեղեկություն հայտնող անձանց պաշտպանությունը, պետական գնումները, շահերի բախման և կանխարգելման կառավարումը, ինչպես նաև փողերի լվացման դեմ պայքարը: Ուսումնական այց է կատարվել ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակ, որտեղ մասնակիցների համար դասախոսություն է կազմակերպվել։

Մարիամ Զադոյանը ներկայացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի նախաձեռնած բոլոր վերջին հակակոռուպցիոն բարեփոխումները: 

Լուսանկարները ՄՀԱ-ի