Բնակիչներն ընդդեմ Կառավարության որոշման. Հաջողված պատմություն

2008 թվականն էր: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության «Ռոuատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի միջև կնքվեց հուշագիր: Այն ենթադրում էր ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման և վերամշակման ոլորտում համագործակցության զարգացում: Կառավարության N 234-Ն որոշմամբ` նույն տարում ստեղծվեց «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ: Ապա իրավունք ստացավ Հայաստանի ողջ տարածքում իրականացնել ուրանի հանքավայրերի երկրաբանական հետախուզման աշխատանքներ:

Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արշավիր Խալափյանը ցույց է տալիս Լեռնաձոր համայնքում այն տարածքը, որտեղ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը» սկսել էր իր աշխատանքները:

Իրավական ակտերն ընդունելուց առաջ այդ ակտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներ չեն եղել, համայնքի բնակչությունը նախապես տեղյակ չի եղել Կառավարության որոշմանը:

Լեռնաձոր համայնքի բնակիչ Բորիկ Արզումանյանի խոսքով` իրենք մի օր արթնացել են ու տեսել, որ գյուղը բանվորներ են եկել ու ինչ-որ աշխատանք են անում:

«Ոչ մեկ չի ուզում, որ էստեղ լինի ուրանի հանք ու մարդ բնակվի: Այդպիսի բան անհնարին ա ու ոչ ցանկալի»,- ասում է Բորիկ Արզումանյանը:

Սակայն համայնքում բանվորների աշխատանքը երկար չտևեց… Բնակչությունը ոտքի կանգնեց:

«Ստեղծվել է աշխատանքային խումբ, որի մեջ ներգրավվել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվ քաղաքացիներ»,- պատմում է Արշավիր Խալափյանը:

Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի (այն ժամանակ` ՇՊԱԿ) համակարգող Արշավիր Խալափյանն իր վրա է վերցրել աշխատանքային խմբում իրավական հարցերի հետ կապված պատասխանատվությունը, քանի որ կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն` որոշումն իր մեջ պարունակում էր կոռուպցիոն ռիսկեր:

«Աշխատանքային խումբն աշխատանք է ծավալել մի քանի ուղղությամբ: Մասնավորապես` հանրային իրազեկման աշխատանքներ ենք իրականացրել, աշխատել ենք տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների հետ, ստորագրահավաք է իրականացվել. հազարավոր քաղաքացիներ ստորագրել են Կառավարությանը հասցեագրված նամակի տակ: Հասել ենք նրան, որ ՏԻՄ մարմինները, մասնավորապես` Լեռնաձորի ավագանին և Քաջարան քաղաքի ավագանին ուղերձներ են ընդունել` դեմ արտահայտվելով այս ծրագրին: Իսկ այս աշխատանքների գագաթնակետը եղել է 2010 թվականին Կապանում տեղի ունեցած արտոնված և հզոր հանրահավաքը»,- նշում է Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգողը:

Հանրահավաքին նախորդող երկու օրերի ընթացքում նրանք Քաջարան և Կապան քաղաքներում և այդ միջակայքում ընկած գյուղերում իրազեկման ակցիա են կազմակերպել: Հանրահավաքը վարել է Արշավիր Խալափյանը:

«Այս ամենի արդյունքում` աշխատանքային խմբի և հասարակության լայն խավերի աջակցության արդյունքում, մենք կարողացել ենք հասնել նրան, որ երկրաբանահետախուզական աշխատանքները փաստացիորեն դադարեցվել են: Այսինքն` մենք կանխել ենք մի գործընթաց, որի հաջող ընթացքի պարագայում հանրապետության ամբողջ տարածքը Կառավարության այդ չարաբաստիկ որոշման շնորհիվ կվերածվեր ուրանի հանքավայրերի վերածման վտանգի առաջ»,- հավաստաիցնում է Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգողը: