Քաղաքացին ընդդեմ ԲՍՓ գործակալության անօրինականության

«ԲՍՓ գործակալությունն այնտեղ չի պաշտպանում ոչ մի հիվանդի շահ: Նա իրեն իրոք դրել է պատժից օրգանի տեղ, որ պատժի մարդկանց, որի հիման վրա մարդն իրեն ընկճված զգա, որ կախում ունենա, ինչ -որ մի բան առաջարկի իրենց, որ իրենք ինչ-որ մի բան անեն»,- ասաց է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի շահառու Հրաչյան Ավետիսյանը:

2011 թվականի սեպտեմբերի 26-ին անժամկետ հաշմանդամության երկրորդ խումբ ունեցող Արմենուհի Առաքելյանին հրավիրեցին Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն վերափորձաքննության: Նրա և իր ամուսնու միակ որդին անժամկետ հաշմադամության կարգ ունեցող ծնողներին խնամելու համար ազատվել էր պարտադիր զինվորական ծառայությունից: Արմենուհի Առաքելյանի ամուսինը` Հրաչյա Ավետիսյանը ևս 2008 թվականից անժամկետ հաշմանադամության առաջին կարգ էր ստացել:

«ԲՍՓ-ն ինչ-որ գրություն է ստանում զինկոմից, որ ստուգել և տեղեկություն տալ հաշմանդամ մարդկանց ցուցակի մեջ գտնվող անձանց կարգի հետ կապված: Այդ ցուցակի մեջ հայտնվում է նաև կնոջս անունն ու իրեն կանչում են վերափորձաքննություն անցկացնելու»,- ասաց Հրաչյան Ավետիսյանը:

Մինչև անժամկետ հաշմանդամության երկրորդ խումբ ստանալը, 7 տարվա ընթացքում 5 անգամ կնոջ փորձաքննությունն անցկացվել է տանը: Առողջական վիճակը չի բավարարել հիվանդանոց հասնելուն:

«Համաձայն «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6.2 անժամկետ հաշմանդամ ճանաչված հաշմանդամի վերափորձաքննությունը իրականացվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքերում` առաջինը, եթե անձը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, երկրորդը` երբ

դա տեղի է ունեցել սահմանված կարգի խախտմամբ, երրորդը` երբ համապատասխան դիմում է ներկայացրել անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը, չորրորդը` երբ կա դատարանի որոշում»,- ասաց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

Ավելի ուշ պետք է պարզվեր, որ վերափորձաքննություն անցկացնելն անօրինական է եղել: Ամուսնու խոսքով` կնոջ վերափորձաքննությունը տևել է առնվազն 5 րոպե, հայտնել են, որ արդյուքների մասին կտեղեկացնեն գրավոր: Հիվանդանոցի միջանցքում տիկին Արմենուհու ինքնազգացողություն վատթարացել է:

«Ինձ ներս կանչեցին` թե Ձեզ կանչում են ներս: Ես, որ մտա ներս, բժշկական հանձնաժողովի անդամները բոլորը նստած էին: Ասացի, որ միջանցքում կինս վատացել է, գիտակցության կորստի հերթական նոպան է, խնդրում եմ դուրս եկեք, տեսեք, արձանագրեք: Դուք ուզում էիք հիվանդի իսկական վիճակը տեսնել, այ հիմա այդ վիճակն է: Ոչ մեկ տեղից չշարժվեց»,- պատմեց Հրաչյա Ավետիսյանը:

Ավելի ուշ պարզվեց, որ Արմենուհի Առաքելյանի անժամկետ հաշմանդամության երկրորդ կարգը փոփոխվել է երրորդի: ԲՍՓ գործակալությունից հայտնել էին, որ ամեն ինչ օրինական է կատարվել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին 2011 թվականին ուղղված նամակն ու նրա հետ հանդիպումը ևս չօգնեց վերականգնելու կնոջ խախտված իրավունքը: Գործն այդ ժամանակ արդեն Վարչական դատարանում էր:

«Որպես իրենց կողմից օրենքով սահմանված կարգի խախտում նրանք նշում էին, որ Արմենուհի Առաքելյանի վարչական գործում առկա նյութերը, որոնք առկա են եղել 2006 թվականին բավարար չէին անժամկետ հաշմանդամության երկրորդ կարգ սահմանելու համար: Այդ կապակցությամբ մեր կողմից վիճարկվում էր այն հանգամանքը, որ ըստ էության Արմենուհի Առաքելյանը ներկայացրել էր ամբուլատոր գրքույկն ամբողջությամբ, սակայն իրենց կողմից պատճենահանվել էր այդ գրքույկի ոչ բոլոր նյութերը, մասնակիորեն պատճենահանվելով` կցվել էր վարչական վարույթ նյութերին»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը:

«Փառք Աստծո, ես դիմել էի Հակակոռուպցիոն կենտրոն, որտեղ փաստաբան Կարեն Հովհաննիսյանն ինձ օգնեց: Մենք շահեցինք դատը և Արմենուհու հաշմանդամության երկրորդ անժամկետ կարգը վերականգնվեց»:

ԲՍՓ գործակալությունը վճիռը բողոքարկեց: Վերաքննիչ վարչական դատարանը անփոփոխ թողեց վճիռը: ԲՍՓ գործակալության վճռաբեկ բողոքը դատարանը հետ վերադարձրեց:

«Ես կցանկանայի, որ բոլոր հաշմանդամներն էլ պայքարեն: Թեկուզ մի 10-20 հաշմադամ մարդիկ պայքարեն, ամեն մեկը հասնեն արդյուքի և իրեն սխալ ախտորոշում տված բժշկի կարողանային պատժել, ապա այնտեղ կիմանային, որ այդ բժիշկներն անպատժելի չեն, կվախենային և միգուցե դրանից հետո օրենքով շարժվեին: Մարդուն վերաբերվեն որպես մարդու: Հաշմանդամ մարդն է, որն ուզում է իրեն մարդավարի վերաբերեն, այլ ոչ թե ստրուկի»:

Զինկոմիսարիատից ստացած գրության հիման վրա վերափորձաքննության են հրավիրել նաև Հրաչյա Ավետիսյանին: Անժամկետ հաշմանդամության առաջին կարգը փոփոխել են երկրորդի:

Հակակոռուպցիոն կենտրոնի կողմից անվճար փաստաբանական օգնության շնորհիվ` Հրաչյա Ավետիսյանը Վարչական դատարանում 2012 թվականի նոյեմբերից վիճարկում է ԲՍՓ գործակալության հաշմանդամության կարգը փոփոխելու որոշումը: