Շուրջ երկու տարի տևած կատարողական վարույթը ավարտվեց

Քաղաքացի Ռաֆիկ Գրիգորյանը հանդիսանում էր Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայիննների փողոցի բնակելի տան և տնամերձ հողամասի սեփականատերը: Հարևան Հովհաննես Ավագյանը պատճառաբանելով, որ այդ տարածքի մի մասը պատկանում է նաև իրեն, քանդել էր քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող վերը նշված տան որոշակի հատվածը: Հարցի լուծման կապակցությամբ Ռաֆիկ Գրիգորյանը դիմել էր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի բնակելի տան քանդված հատվածը վերականգնելու պահանջների մասին:

Քաղաքացու հայցը բավարարվել էր դատարանի 2010 թվականի հունիսի 5-ին կայացված վճռով: Հովհաննես Ավագյանը դատարանի կայացրած վճռի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ էր բերել, սակայն հաջողության չէր հասել: Վճռի օրինական ուժ ստանալուց հետո, Ռաֆիկ Գրիգորյանը դիմել էր դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի տարածաշրջանային բաժանմունք: Հարուցվել էր կատարողական վարույթ, որի ընթացքը ձգձգվում էր:

Կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից ցուցաբերվում էր անգործություն, չէր ձեռնարկվել օրենքով սահմանված միջոցառումները՝ դատական ակտով վճռած պարտատիրոջ իրավունքների վերականգնման ուղղությամբ: Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի կողմից 2012 թվականի նոյեմբերի 8-ին հարկադիր կատարողի անգործության և նրա կողմից կոռուպցիոն վարքագիծ դրսևորելու մասին հաղորդում էր ներկայացվել Սյունիքի մարզի դատախազություն: Արդյունքում ԴԱՀԿ ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի տարածաշրջանային բաժանմունքի հարկադիր կատարողների հսկողության ներքո վերջապես Ռ. Գրիգորյանը սկսել էր իր տարածքում շինարարություն իրականացնել, այսինքն` վերականգվել էր Կապան քաղաքի Երկաթուղայինների բնակելի տան քանդված հատվածը:

2012 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ստացվել էր նաև ավագ հարկադիր կատարողի 2012 թվականի նոյեմբերի 14-ի գրությունը՝ պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու մասին որոշումը:

Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի աշխատանքների շնորհիվ շուրջ երկու տարի տևած կատարողական վարույթը ավարտվեց և կոռուպցիոն ռիսկերը կանխվեցին, իսկ քաղաքացու իրավունքը՝ վերականգնվեց: