Ավարտվեց “Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” իրավաբան ուսանողների հանրապետական առաջին գիտաժողովը

Սույն թվականի մայիսի 20-ին ժամը 11.00-ին Երևանում, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի Էռատո սրահում առաջին անգամ տեղի ունեցավ “Փաստաբանությունը. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական առաջին գիտաժողովի եզրափակիչ` բանավոր փուլը, որը կազմակերպվեց Հայաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան ուսանողների բաժանմունքի և Հայաստանի իրավաբանական հիմնադրամի կողմից: Գիտաժողովի հովանավորներն էին Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության Հայաստանի գրասենյակը և “Բուկինիստ” գրատունը:Գիտաժողովի նպատակն էր փաստաբանության բնագավառում բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը, ինչպես նաև նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի դերի բարձրացմանը և կայացմանը: Գիտաժողովը հնարավորություն ընձեռեց քննադատական երկխոսություններ իրականացնել փաստաբանության ինստիտուտի ներկա վիճակի և հրատապ հարցերի շուրջ: Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից` գրավոր և բանավոր: Հաստատված ժամանակացույցի համաձայն, 2004թ.-ի ապրիլի 23-ին, գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 48 ուսանողներ` Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովին մասնակցելու հայտեր ներկայացրած 48 ուսանողներից սահմանված ժամկետներում իրենց զեկույցները ներկայացրեցին 17-ը: Գիտաժողովի գրավոր փուլում առավելագույն միավորներ հավաքած 10 լավագույն զեկույցների հեղինակները, գիտաժողովի պաշտոնական կանոնների համաձայն իրավունք ատացան, որպես զեկուցողներ մասնակցել գիտաժողովի եզրափակիչ` բանավոր փուլին: Գիտաժողովի գրավոր և բանավոր աշխատանքները գնահատելու համար, որպես գիտաժողովի փորձագետ դատավորներ, հրավիրվեցին ճանաչված փաստաբաններ, իրավաբաններ և դատավորներ: Գիտաժողովի հաղթող ճանաչվեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Լյուդվիգ Դավթյանը, որը հաղթեց նաև գիտաժողովի բանավոր փուլում: Գիտաժողովի գրավոր փուլի հաղթող ճանաչվեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարինա Սիմոնյանը, իսկ գիտաժողովի հատուկ մրցանակի արժանացավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Սոնա Հարությունյանը: Գիտաժողովի հաղթողները արժանացան թանկարժեք մրցանակների: Նախատեսվում է, որ գիտաժողովի լավագույն զեկույցների թեզիսներով կհրատարակվի գրքույկ, որը անվճար կտարածվի երիտասարդ իրավաբանների և փաստաբանների շրջանում: