Բացվեց 2004թ.-ի հասարակական կազմակերպությունների համաժողովը և ցուցահանդեսը

2004թ.-ի հոկտեմբերի 15-ին Երևանում բացվեց 2004թ.-ի համաժողովը և ցուցահանդեսը, որը կգործի մինչև հոկտեմբերի 17-ը: Համաժողով/ցուցահանդեսը կազմակերպել է Կրթության զարգացման ակադեմիան` “Համաշխարհային ուսուցում” կազմակերպության և Ամերիկայի հայկական համագումարի Հասարակական կազմակերպությունների ուսուցման և տեղեկատվական միջոցների կենտրոնի հետ համատեղ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ֆինանսական աջակցությամբ: Համաժողով/ցուցահանդեսին ակնկալվում է մոտ երկու հարյուր ութսուն հայաստանյան հասարակական կազմակերպությունների մասնակցություն: Համաժողով/ցուցահանդեսը ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և հանրությանը բացառիկ հնարավորություն կընձեռի ծանոթանալ, թե ինչպե՞ս են հասարակական կազմակերպությունները օժանդակում Հայաստանի տնտեսական, սոցիալական, իրավական և ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև կստեղծի ՀԿ սեկտորի զարգացման խնդիրները քննարկելու հնարավորություն:
2004թ.-ի ՀԿ-ների համաժողով/ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները կազմակերպվել են ըստ ՀԿ-ների գործունեության տարբեր բնագավառների և տևել են շուրջ 2 ամիս: Մարդու իրավունքների բնագավառի ՀԿ-ների նախապատրաստական աշխատանքները կոորդինացվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանի կողմից: Ցուցահանդեսում ՀԵԻԱ-ն կունենա առանձին ցուցասրահ, որտեղ կներակայացվի ՀԵԻԱ գործունեության հետ առնչվող զանազան տպագիր և էլեկտրոնային նյութեր: Համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 17-ին, ժամը 10:00-11:00-ը նախատեսվում է կազմակերպել “Քաղաքացիական հասարակության զարգացման միտումները Հայաստանում և հասարակական մասնակցության ու վերահսկողության մեխանիզմները” թեմաներով պլենար նիստ, որտեղ “Մասնակցային գործընթացը Հայաստանում” զեկուցումով հանդես կգա ՀԵԻԱ նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը:
ՀԵԻԱ բոլոր անդամներին և համակիրներին հրավիրում ենք ակտիվորեն մասնակցել 2004թ.-ի ՀԿ-ների համաժողով/ցուցահանդեսի աշխատանքներին: Համաժողով/ցուցահանդեսի անցկացման վայրն է ՀՀ Կառավարության շենքի Մելիք Ադամյան 1 հասցեում գտնվող նիստերի դահլիճը: