Ավարտվեց անվճար իրավաբանական խորհրդատվության օնլայն ծրագիրը ՀՀ Կոտայքի մարզի բնակչության համար

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության և “Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից 2004թ.-ի նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ՀՀ Կոտայքի մարզում իրականացվեց անվճար իրավաբանական խորհրդատվության օնլայն ծրագիր:
Ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի բնակիչները, այցելելով Աբովյանի կրթահամալիրում և N:6, N:10, Չարենցավանի N:1, N:3, N:4, Հրազդանի N:1, N:8, N:13, Արզնու, Բջնիի, Ձորաղբյուրի, Քասախի, Մեղրաձորի, Նոր Արթամեդի և Նոր Գեղիի միջնակարգ դպրոցներում տեղակայված ինտերնետ համակարգչային կենտրոններ, այդ կենտրոնների աշխատակիցների միջոցով իրենց հուզող իրավաբանական հարցերը ինտերնետային օնլայն ծրագրի միջոցով ուղղեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Երևանի գրասենյակի իրավաբաններին: Ընդհանուր առմամբ ՀՀ Կոտայքի մարզի 29 բնակիչներ ստացան անվճար իրավաբանական օգնություն: Ծրագրի առավել հաջող իրականացմանը խոչընդոտեց Կոտայքի մարզի դպրոցների ինտերնետային վատ կապը:
Վերջերս “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը և “Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը նմանատիպ մեկամսյա ծրագիր իրականացրեցին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերում, որի շրջանակներում 132 քաղաքացիներ ստացան անվճար իրավաբանական օգնություն: