Հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն 2015

Հակակոռուպցիոն միջազգային օրը Հայաստանում նշվեց ինտերակտիվ և տարբերակված ձևաչափով:

Միջոցառման բացումը տրվեց ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի խոսքով:

«Գիտեք, որ այս օրը նշվում է ամբողջ աշխարհում: Հավաքվում են այն անձիք, որոնց համար շատ կարևոր է հակակոռուպցիոն արժեքները, ազնվությունը, բարեխղճությունը և մյուս արժեքները:  ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոալիցիան անցած տարի և այս տարի նույնպես նշում էր օրը մի շատ կարևոր նշանաբանի ներքո, այն կոչվում է «Կոտրե՛ք կոռուպցիոն շղթան», այս տարի այն նույնպես կարևոր է, և 2015թ.-ին տեղի ունեցած հակակոռուպցիոն միջազգային 16-րդ համաժողովը սրան ավելացրեց ևս մեկ կարևոր նշանաբան՝ առաջնորդելու համար ամբողջ շարժումը, այն է՝ պետք է վերջ դնել անպատժելիությանը, գիտե՞ք սա շատ կարևոր է մեզ համար և…»- Կարեն Զադոյանի խոսքն ընդմիջեցին Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանավարտները՝ իրենց ֆլեշմոբով. «Կոռուպցիան ծնում է պետական ապարատի կոռոզիա, Կոռուպցիայի դեմ պայքարը ՔՀԿ-ների անհանդուրժողականությունն է, կոտրեք կոռուպցիայի շղթան՝ վերջ դնելով անպատժելիությանը»,- կոչերով հանդես եկան երիտասարդները:

Հաջորդ ելույթները եղան առանց ֆլեշմոբերի միջամտության: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ 2015թ. կարևորագույն ձեռքբերումներից էի այն, որ հնարավորության եղավ համախմբել միջազգային դոնոր կազմակերպություններին, ՔՀԿ-ներին և պետական մարմինների գործունեությունը կոռուպցիայի դեմ պայքարում. «Այս տարի մենք աշխատել ենք կոնստրուկտիվ և մասնակցային: Ամենակարևոր խնդիրը և նպատակը, որ մենք դրել էինք հասարակության, բիզնեսի մասնակցությունն է կոռուպցիայի դեմ պայքարում: Այս պայքարը ոչ միայն պետական մարմինների, այլ նաև ամբողջ հասարակության և յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է: Կոչ եմ անում բոլորիս միանալ այս պայքարին և անհանդուրժող լինել կոռուպցիոն ցանկացած երևույթի նկատմամբ»,- ասաց պարոն Քրմոյանը:

Կոռուպցիայի դեմ պայքարն առաջնային խնդիր է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համար: Միջոցառման ժամանակ ասաց գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը. «ԵԱՀԿ գրասենյակը մեծ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը: Մենք նաև աջակցում ենք ՀԿ-ների ակտիվ մասնակցությանը բարեփոխումների մոնիթորինգի անցկացման գործում: Գրասենյակը նաև մասնակցում է կոռուպցիոն խնդիրների մասին իրազեկման բարձրացման տարբեր միջոցառումներին»,- ասաց պարոն Սորոկինը:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն, կարևորելով այս օրը, խոսեց ապօրինի հարստացման քրեականացման մասին: Նա նաև շեշտեց, որ Հայաստանում ստեղծվել է պլատֆորմ, որը թույլ է տալիս քաղաքացիական հասարակությանը և արդարադատության նախարարությանն արդյունավետորեն համագործակցել:

Այնուհետև մեկնարկեց մրցանակաբաշխությունը: «Տարվա քաղաքացի» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց Հայկանուշ Թութունջյանին: Տարեց կինը սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ է դրսևորել իր խախտված իրավունքների պաշտպանության հարցում. կինը դժվարությամբ կարողացավ շնորհակալություն հայտնել Երևանի հակակոռուպցիոն կենտրոնին՝ իրեն օգնելու համար. նրան արցունքները թույլ չտվեցին արտահայտվել: Մրցանակը շնորհեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը:

«Տարվա լրագրող» ճանաչվեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանը՝ բիզնես ոլորտի կոռուպցիոն խնդիրները բարձրաձայնելու համար, իսկ «Տարվա ԶԼՄ»-ն «Սիվիլնեթ»-ն է՝ «Քո գրպանից» հաղորդաշարի շրջանակներում պետական գնումների ոլորտում կոռուպցիոն խնդիրները վեր հանելու համար: Մրցանակները շնորհվեցին Հայաստանում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան Անի Սագինջանովայի և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությաններկայացուցիչ Խոսե Մարիա Մեդինա Նավարոյի կողմից:

«Տարվա բիզնես կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց «Դը Գրին Բին» սրճարանների ցանցին՝  բիզնես ոլորտի կոռուպցիոն խնդիրները բարձրաձայնելու համար: Մրցանակը շնորհեց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնվորթը:

«Տարվա երիտասարդ» մրցանակը տվեց Արդարադատության նախարարությունը՝ հակակոռուպցիոն տեսահոլովակի լավագույն սցենար մշակելու համար, մրցանակակիրը Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Անի Սամսոնյանն էր: Մրցանակը շնորհվեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի կողմից:

«Տարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց Ժամանակավոր անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությանը՝ մայրական իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար: Մրցանակը շնորհեց Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան առաջին քարտուղար Ռայներ Վիլկեն:

«Կոռուպցիայի հիմնախնդիրների, դրա դեմ պայքարի ձևերի, եղանակների մասին շատ է խոսվել: Մի կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել. բազմիցս շեշտել ենք, որ այս պայքարը հնարավոր է միայն հստակ ձևավորված քաղաքական կամքի պայմաններում, ես հատուկ ուզում եմ այս մրցանակի կոնտեքստում ասել, որ այս կամքը չի վերաբերում բացառապես պետությանը. բոլոր այն կառույցները, ինստիտուտները, ովքեր պետք է ներգրավված լինեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ թե՛ պետությունը, լրատվամիջոցները, թե՛ անհատ քաղաքացիները, պետք է բոլորը կամքի հստակ արտահայտություն ունենան, որ այդ բոլոր քայլերն ու նպատակները կարողանան արդյունավետ կենսագործվել»,- իր խոսքում շեշտեց Հովհաննես Մանուկյանը:

Այս մրցանակաբաշխությունից հետո շնորհակալագրեր ստացան նաև ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ կազմակերպությունները:

Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպաններ, ներկայացուցիչներ միջազգային և պետական կառույցներից, Երևանի և ՀՀ մարզերի քաղաքացիական հասարակությունից, ԶԼՄ-ներից:

Հիշեցնենք, որ միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունը կազմակերպվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ: