«Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի մեկնարկը տրված է

Հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։

«Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի նպատակն է հայաստանյան բիզնեսներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը, որը կնպաստի Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի արժեքների սերմանմանը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև սերտորեն աշխատել փոքր և միջին ձեռնարկությունների հետ՝ Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու համար։

Հոկտեմբերի 3-5-ը Երևանում կայացավ ուսուցանողների ուսուցում՝ Հակակոռուցիան համապատասխանության ծրագրի ներդրման, դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացման, այդ թվում՝ անկախության ապահովման, առկա ռիսկերի պարբերաբար գնահատաման և ներքին ընթացակարգերի անհրաժեշտության վերաբերյալ։

Ուսուցման առաջին օրը CIPE-ի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանների գործադիր տնօրենը՝ Նատալիա Օթել Բելանը ներկայացրեց ծրագրի կարևորությունը, դրա նպատակը և այն թե ինչ փուլերով է ընթանալու ողջ ծրագիրը։

«Մենք հիմնվելու ենք հիմնական 4 կետերի վրա, առաջինը՝ գիտելիքների կիսվելն է, և այս եռօրյա դասընթացը ուսուցում է հենց ուսուցանողների համար։ Այնուհետև մենք պետք է համոզված լինենք, որ արդեն որպես անհատներ դուք ձեր կազմակերպություններում կկարողանաք աշխատանքներ տանել։ Հաջորդ՝ մեծ փուլը հենց բիզնես սեկտորին օգնություն ցուցաբերելը կլինի՝ խոսքը հասարակական և մասնավոր սեկտորի միջև երկխոսություն ստեղծելու հնարավորության մասին է։ Եվ սա առավելապես կարևոր է հիմա, քանի որ կառավարության ուշադրությունը կենտրոնացված է հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակներին, սա ճիշտ ժամանակն է բոլոր կազմակերպությունների համար՝ կառուցողական երկխոսություն ստեղծել կառավարության հետ։ Ծրագիրը, որը կավարտվի մոտավորապես 12 ամսից, նպատակ ունի հավաքել շատ գաղափարներ ու դրանց հիման վրա հիմք ստեղծել գործընկերության համար»,-նշեց Նատալիա Օթել Բելանը։ Նա նաև նշեց, որ  եթե անգամ Հայաստանում կառավարությունը փոխվի, իսկ մինչ այդ բիզնես սեկտորը հասցնի հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր ընդունել, ապա միևնույն է ծրագիրը կմնա, քանի որ նորմերը արդեն ընդունված ու հաստատված կլինեն։

Լիզա Լենզ Ջեդվաբը, ով Եվրասիա տարածաշրջանում ծրագրի պատասխանատուն է, նշեց, թե որն է ծրագրի նպատակը, ինչ աշխատանքներր են տարվելու կազմակերպությունների հետ և թե ինչպես պետք է հարցաշար կազմել, պատասխաններ ստանալ բիզնես սոկտորի մեծ լսարաններից։ «Քանի որ այս թեման նոր է, մենք պետք է հարցաշարի նպատակն է հասկանալ, թե ինչի հետ գործ ունենք, որքանո՞վ է բիզնես սեկտորը տեղեկացված սրա մասին։ Երկրորդ նպատակն է ուղիղ կապ հաստատել այն կազմակերպությունների հետ, որոնք տեղեկացված չեն, տեղեկցանել նրան՝ ասելով, որ նման բան գոյություն ունի և իրենք էլ կարող են մասնակցել»,-նշեց նա։

VimpelCom ընկերության ներկայացուցիչ, դասընթացավար Յուլիա Գլուբոկայան ուսուցման օրերի ընթացքում մասնակիցներին ներկայացրեց Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը, դրանում առկա ինքնագնահատման գործիքները, արդյունավետ փորձերը, ինչպես նաև հայկական և միջազգային կոնտեքստը՝ նշված ծրագրի համար։ Նա նաև նշեց հակակոռուպցիոն համապատասխանության գործառույթի անկախության մասին։ Քննարկում տեղի ունեցավ նաև հակակոռուպցիոն քաղաքականության, շահերի բախման քաղաքականության, ինչպեսև նվերների և հյուրընկալության, կոմերցիոն հովանավորների, սոցիալական ներդրումների և բարեգործական ներդրումների քաղաքականության վերաբերյալ։

«Մենք շատ կարևորում ենք Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը, քանի որ բիզնեսները միայն կշահեն նշյալ ծրագրի ներդրումից, որովհետև արդեն կա ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը, որով արդեն իրավաբանական անձանց համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում, սրան զուգահեռ նախագծով նախատեսվում է,որ այդ պատասխանատվությունից հնարավոր կլինի խուսափել, եթե իրավաբանական անձիք համապատասխան միջոցներ են ձեռնարկել և դա հենց այն հիմքն է, որը կարող է լինել հակակոռուցիոն համապատասխանության ծրագիրը ներդնելու համար։ Այսինքն, եթե իրավաբանական անձը կարողանա ապացուցել, որ ամեն ինչ արել և ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի ընկերության աշխատակիցներից որևէ մեկի կողմից կոռուպցիոն դրսևորում տեղի չունենա, ապա ընկերությունը կազատվի քրեական պատասխանատվությունից»,-ասաց «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի Իրավաբանների հայկական ասոցիացիայի բաղադրիչի դեկավար Մարիամ Զադոյանը։

Նրա խոսքով, սա նաև հնարավորություն է զարգացնել բիզնեսը և օտարերկյա մի շարք ընկերություններից ներդրումներ անել Հայաստանում, քանի որ նման ընկերությունների համար կարևոր է, որպեսզի կազմակերպություններն ունենան հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիր։

Կորպորատիվ կառավարման կենտրոնի ղեկավար, նշյալ ծրագրում Կորպորատիվ կառավարման կենտրոնի բաղադրիչի ղեկավար Նարինե Մելիքյանը նշում է, որ ծրագիրը կազմակերպության համար արդեն որոշակի նախապատմություն ունի և հակակոռուպցիոն համապատասխանության մասին դեռ 3 տարի առաջ են մտածել, սակայն այդ ժամանակը կազմակերպության կարծիքով դա այնքան էլ իրագործելի չի եղել։ Այնուհետև թարգմանել ու ներկայացրել են CIPE-ի «Հակակոռուպցիոն համապատասխանություն փոքր և միջին ձեռնարկությունների համար» ուղեցույցը։ «Այնպես սացվեց, որ Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան վերջին դեպքերը ցույց են տալիս, որ թեման այժմ շատ արդիական է, և եթե որոշ բացահայտումներ վերաբերում են խոշոր ընկերություններին, կարծես թե ֆինանսապես ի զորու են, որ իրենց հակակոռուպցիոն համապատասխանության մասին հոգ տանեն և այստեղ խաղից դուրս են մնում փոքր և միջին ձեռնարկությունները»,-նշեց նա։ Նարինե Մելիքյանը նաև նշում է, որ կարևոր է ոչ թե ուղղակի ասել, որ ընկերությունը կորդեգրի հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը, այլ նաև կիրառի ու հավատարիմ լինի այն հանձնառությանը, որը ստանձնել են։

Վլադիմիր Ամիրյանը Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդականն ու գործարար շահերի պաշտպանության ցանցի համակարգողը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության վարչության պետն է և նշյալ ծրագրում Երևանի առևտրաարդյունաբերական պալատի բաղադրիչի ղեկավարը, ևս նշում է, որ Հայաստանում սա հնարավոր է թերահավատորեն ընդունվի։ «Մի քանի տարի առաջ ինձ մոտ էլ որոշակի թերահավատություն կար, քանի որ կա կարծրատիպ, որ ամեն ինչ կախված է պետական համակարգից, այսինքն, եթե պետությունը չուզի, բիզնեսը չի ընդգրկվի կոռուպցիոն գործընթացների մեջ և ամեն ինչ կարգին կլինի, բայց կարծում եմ, որ սա երկկողմանի գործընթաց է։ Մենք միշտ խոսում ենք պետական հատվածի կոռուպցիայի մասին ու միշտ մոռանում ենք մասնավոր հատվածի կողմից առաջարկվող կամ պոտենցիալ կոռուպցիոն ռիսկերի մասին»,-նշեց նա։ Վլադիմիր Ամիրյանի խոսքով պետք է ակտիվ գորընթաց սկսել, որպեսզի ծրագիրը լինի թիրախավորված ու արդյունավետ։